Պատերազմները ծնվում են մտքերում, խաղաղությունը՝ մշակույթում․ Արամ Հակոբյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և դիվանագիտության մասին․ «Դիվանագիտական գործ»

Աշխարհի քարտեզը հաճախ բաժանվում է սահմանների, լեզուների և հեռավորությունների, բայց կա մի ուժ, որը մարդկանց միավորում է՝ մշակույթը։ Երբ ճանաչում ենք միմյանց պատմությունը, արվեստը, ավանդույթներն ու արժեքները, մենք ոչ միայն բացահայտում ենք ուրիշներին, այլև ավելի լավ ենք հասկանում ինքներս մեզ։

Հենց այս գաղափարն է կրում ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ ժողովուրդների միջև երկխոսություն կառուցելով կրթության, գիտության և մշակույթի միջոցով։ Հայաստանը 1992 թվականին միացավ այս մեծ ընտանիքին՝ հավատալով, որ մշակութային ժառանգությունը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև ապագան կապող կամուրջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի հետ խոսել ենք մասնագիտական փաստաթղթերի հաստափորության մասին։


-Իմ կարիերան շատ այլ ուղղությամբ կարող էր գնալ, քանի որ ես երաժշտական դպրոցում էի սովորում, 10 տարի մասնագիտական երաժշտական կրթություն եմ ստացել, դաշնակահար էի, բայց ավելի ուշ տարիքում ես արդեն հասկացա, որ իմ ճանապարհը, իմ կարիերան տեսնում եմ այլ ուղղությամբ։ Մտածում էի, որ ես գոնե ինչ-որ պետական ինստիտուտում պետք է աշխատեմ։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դիվանագիտությունն ու երաժշտությունը տարբեր աշխարհների լեզուներ են։ Մեկը ծնվում է բանակցությունների սեղանի շուրջ, մյուսը՝ ստեղծագործողի հոգում։ Սակայն երկուսն էլ միավորում է միևնույն նպատակը՝ մարդկանց հասկանալն ու հասկացվելը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի մանկական երազանքը ժամանակի ընթացքում համարյա նույնությամբ կատարեց։ Եվ այսպես՝ մի օր ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի ուսանողներին տեղեկացրին, որ ՀՀ ԱԳՆ-ում ազատ հաստիք կա։

-Ես դիմեցի, քանի որ միտքը կար, որ ես պետք է պետական համակարգում աշխատեմ, իմ կրթությունը, իմ գիտելիքները ինչ-որ կերպ կիրառեմ հանրային, պետական գործի մեջ, դիմեցի, և ստացվեց, որ ընդունվեցի, և արդեն 16 տարի է, ինչ համակարգում եմ աշխատում։

Արամ Հակոբյանի առաջին աշխատանքային օրն անցել է պատասխանատվության և վստահության միջավայրում․ նրան վստահել են փաստաթղթեր, որոնք պարզապես թղթեր չեն․ դրանցում արտացոլված են երկրների հարաբերությունները, քաղաքական զարգացումները և այլ գործընթացները, որոնց մասնակիցն ես դառնում նաև դու։

Հավատարմագրերի հանձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին

-Ես սկսել եմ հյուպատոսական վարչությունից՝ Արտաքին գործերի նախարարությունում, ինչը շատ հետաքրքիր փորձառություն էր սկսնակ դիվանագետի համար՝ ծանոթանալու իրավական համակարգին և քաղաքացիների հետ աշխատանքի փորձ ձեռք բերելու։ Սա շատ հետաքրքիր գործ է, որը, կարծում եմ, սկսնակ դիվանագետները վատ չէր լինի, որ այդ փորձառությամբ անցնեին, հատկապես երբ հետագայում կարող են հյուպատոս աշխատել տարբեր երկրներում։ Ես հիշում եմ, որ առաջին աշխատանքային օրը տեսա փաստաթղթերի քանակը, հստակ հիշում եմ՝ սարերով փաստաթղթեր, որոնց հետ պետք էր ինչ-որ գործառույթներ կատարել, և, իհարկե, լրիվ նոր եկած պետական համակարգ։


Յուրաքանչյուր երկար ճանապարհ սկսվում է առաջին քայլից, իսկ դիվանագետի ուղին՝ առաջին գործուղումից, այն պահից, երբ աստիճանաբար փշրվում են բոհեմական կյանքի մասին պատկերացումները, և դրանց տեղը զբաղեցնում է պահանջկոտ, ճշգրիտ ու երբեմն անզիջում բյուրոկրատիայի ստեղծած իրականությունը։ Արամ Հակոբյանի դիվանագիտական առաջին կանգառը Կանադան էր՝ որպես ՀՀ դեսպանության կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։

-Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեր աշխատանքն ավելի շատ ինչ-որ տոնախմբությունների գնալ և ներկայանալ է նշանակում, ինչը բացարձակապես այդպես չէ։ Մեր աշխատանքը հիմնականում բյուրոկրատական աշխատանք է և նաև նեթվորքինգի, այսինքն՝ շփման և բյուրոկրատական գործունեության։ Մենք նույն թղթերն ենք գրում, նույն հանձնարարականները թղթով ստանում ենք, թղթի վրա գրում ենք մեր պատասխանները և ուղարկում ենք ետ նախարարություն, և էդպես շարունակ։ Իհարկե, առաջին գործուղումը դիվանագետի համար մի տեսակ դարբնոց է, այսինքն՝ դու, որպես դիվանագետ, ավելի շատ կայանում ես քո առաջին գործուղման ընթացքում։

Այս ճանապարհին կարևոր է ոչ միայն արագ կողմնորոշվելու կարողությունը, այլ նաև կողքիդ սրտացավ ու փորձառու գործընկերներ ունենալը, որոնք կօգնեն չընկնել ծայրահեղությունների գիրկն ու կսովորեցնեն տեսնել լուծումներ այնտեղ, որտեղ փորձի պակասը դեռ թույլ չի տալիս դրանք նկատել։

Արամ Հակոբյանը

-Պահի տակ զգում ես, որ ուղեղիդ մեջ տասնյակ տարբեր նախաձեռնություններ, տասնյակ տարբեր մտքեր են պտտվում՝ զրույցի կետերի մասին ես մտածում, ելույթների նախագծերի, միաժամանակ փորձում ես հիշել՝ արդյո՞ք այն շտապ անձնագրային գործն ուղարկել ես, թե՞ չէ, և այդպես շարունակ։ Դա, իհարկե, մարտահրավեր էր, բայց նաև իր հնարավորությունն էր՝ սեղմված, խիտ ձևով ճանաչել ամբողջ դիվանագիտական գործը։ Շատ շնորհակալ եմ և՛ իմ դեսպանին, և՛ իմ բոլոր ղեկավարներին։


Բազմակողմ դիվանագիտությունն այն գործիքն է, որի շնորհիվ փոքր պետությունների ձայնը լսելի է դառնում միջազգային հարթակներում, իսկ միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, դարձան այն առանձնահատուկ հարթակները, որտեղ այդ ձայնը վերածվում է երկխոսության ու փոխըմբռնման։

-Բազմակողմ դիվանագիտությունը փոխզիջման հասնելու մասին է իր ամբողջ տրամաբանության մեջ։ Ըստ էության, դու գալիս ես, դու գիտես քո պետական շահերը, բայց միաժամանակ պիտի ինչ-որ ձևով հաշվի առնես նաև դիմացինի պետական շահերը, որովհետև, եթե դա չանես և կենտրոնանաս միայն քո խնդիրների վրա, երկու տարբերակ կա՝ կամ հաջողության չես հասնում, իսկ եթե փաստաթղթի շուրջ ես բանակցում, փաստաթուղթն ավարտական տեսքի չի գալիս, կամ գնում է քվեարկության, և եթե դու միայնակ պնդում էիր ինչ-որ բանի վրա, քո պնդածն այսպես թե այնպես չի անցնում։ Այսինքն՝ ավելի տրամաբանական է տվյալ պարագայում փորձել անել ամեն ինչ, որ բոլորը լինեն մի սեղանի շուրջ, բոլորը լինեն հավասար քանակի դժգոհ էն փաստաթղթից, որն ընդունվելու է տվյալ միջազգային կառույցի կողմից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ

Միջազգային կառույցների շարքում, սակայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանձնանում է իր յուրահատուկ բնույթով․ այն խրախուսում է մշակութային երկխոսությունը, հետևողականորեն պաշտպանում մարդկության ընդհանուր մշակութային ժառանգությունը։ Մի կազմակերպություն, որը հստակ գիտի, թե որտեղից են սկիզբ առնում պատերազմները։

-ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար փաստաթղթում՝ Սահմանադրությունում, նշված է, որ պատերազմներն առաջանում են մարդկանց մտքերում, և միայն մարդկանց մտքերում է, որ հնարավոր է վերացնել պատերազմը։ Այս կազմակերպությունն ինքնին աշխատում է այդ ուղղությամբ, նրա մանդատի ամենակարևոր տարրը դա անելն է ամեն ինչ՝ կրթության, մշակույթի, գիտության շնորհիվ, որպեսզի մարդկանց մտքում պատերազմի ցանկությունը ինչ-որ ձևով վերանա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգնում է հանրահռչակել բոլորի մշակութային ժառանգությունը, և երբ որևէ երկրի, որևէ ժողովրդի, ազգի ժառանգություն՝ լինի շենք, քաղաք, հին կենտրոն, ավանդույթ և սովորույթ, երբ դա գրանցվում է, այն այլևս չի պատկանում միայն այդ երկրին, այն պատկանում է մարդկությանը, և արդեն մարդկությունն էլ ամբողջությամբ պետք է լծվի այդ ժառանգության պաշտպանության գործին։

Իսկ հիմա մի պահ թողնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմաշերտ աշխարհն ու խոսենք այն մարդկանց մասին, որոնք կանգնած են կարևոր որոշման առաջ՝ կապել իրենց կյանքը դիվանագիտության հետ։

-Համակարգ անցնելուց հետո պետք է ուղղակի գործին վերաբերվել լրջորեն։ Այսինքն՝ մարդը դիվանագիտական ծառայությանը վերաբերվում է լուրջ, եթե ինքը իր աշխատանքին վերաբերվում է որպես մի գործունեության, որն ուղղված է պետական շահի սպասարկմանը, և դա անում է անձնվիրաբար, ուրեմն ինքը կհաջողի։ Բայց, իհարկե, դա ենթադրում է երկարաժամյա աշխատանք, մեծ ջանքեր, այդ թվում՝ կարդալ և՛ գրականություն, և՛ աշխատանքային փաստաթղթեր, որոնք երբեք 2–3 էջ չեն լինում։

Leave a Comment