Երևանում կկայանա Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով

2026 թվականի հունիսի 9-ին Երևանի Seven Visions Resort and Places, The Dvin հյուրանոցային համալիրում կկայանա Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովը (Armenia-Poland Business Forum), որը կարևոր հարթակ կդառնա Հայաստանի և Եվրոպայի միջև տնտեսական, ներդրումային և ենթակառուցվածքային համագործակցության ամրապնդման համար։

Համաժողովը կազմակերպվում է «Միջազգային խաղաղության և բարգավաճման «Trump Route» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է զարգացնել Չինաստանն ու Եվրոպան կապող նոր և արդյունավետ առևտրային միջանցքները, ընդլայնել հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկաներ, խորացնել Հայաստան-Եվրոպա տնտեսական կապերը և ուսումնասիրել տարածաշրջանային ենթակառուցվածքային ու երկաթուղային նախագծերի զարգացման հնարավորությունները։

Այս նպատակներին աջակցելու համար Հայաստան է ժամանելու Լեհաստանի բարձր մակարդակի գործարար պատվիրակություն, որը ներկայացնում է ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար համախառն կապիտալ ունեցող բիզնես հարթակ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների սեփականատերեր և ղեկավարներ։

Համաժողովը կմեկնարկի ժամը 12:30-ին և կհամախմբի լոգիստիկայի, արհեստական բանականության (AI), վերականգնվող էներգետիկայի, անշարժ գույքի, առողջապահության, ավտոմոբիլային արդյունաբերության, ֆինանսների, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերական ավտոմատացման և միջազգային առևտրի ոլորտների առաջատար ներկայացուցիչների։

Մասնակիցների թվում կլինեն գործարարներ և ընկերությունների ղեկավարներ, որոնք համագործակցում են այնպիսի համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Volvo Trucks-ը, BMW-ն, Ferrari-ն, Tesla-ն, Microsoft-ը, Shell-ը, Deloitte-ը, Stellantis-ը, Pfizer-ը, Santander-ը և Toyota-ն։

Համաժողովի կարևոր իրադարձություններից մեկը կլինի Հայաստանի և Լեհաստանի գործարար համայնքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը նպատակ ունի խթանել լեհական ներդրումները Հայաստանում, ամրապնդել տնտեսական կապերը և ստեղծել նոր ռազմավարական գործընկերություններ։

Միջոցառմանը սպասվում է նաև Հայաստանի, Լեհաստանի և Վրաստանի պետական բարձր մակարդակի ներկայացուցիչների մասնակցություն, ինչը լրացուցիչ ընդգծում է համաժողովի նշանակությունը որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության և միջազգային բիզնես երկխոսության հարթակ։

Օրակարգում ընդգրկված են նաև տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերի քննարկումներ, այդ թվում՝ «Նաիրիտ» արդյունաբերական գոտու վերակառուցման, արդիականացման և զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Համաժողովի ընթացքում նախատեսված են ոլորտային քննարկումներ, ներդրումային և գործարար հնարավորությունների ներկայացումներ, ինչպես նաև B2B հանդիպումներ՝ նոր համագործակցությունների և համատեղ նախագծերի ձևավորման նպատակով։

Հայաստան-Լեհաստան Գործարար Համաժողովը նպատակ ունի դառնալ հայ-լեհական տնտեսական համագործակցության նոր հարթակ՝ խթանելով ներդրումները, առևտուրը, շուկաների ընդլայնումը և երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունները։

Leave a Comment