Երևանում տեղի ունեցավ «Կյանքս» վավերագրական եռագրության եզրափակիչ մասի ցուցադրությունը, որն ուսումնասիրում է հայ կանանց երեք սերունդների փորձառությունն ու նրանց դերը ժամանակակից հասարակության մեջ։ Ֆիլմի պրոդյուսերն է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, իսկ ռեժիսորն ու մոնտաժողը՝ Լիլիթ Մովսիսյանը։

«Կյանքս» եռագրությունը պատմում է տարբեր սերունդների կանանց, ժամանակակից աշխարհում նրանց տեղի, հիշողության փոխանցման և սեփական ճանապարհի որոնման մասին։ Երրորդ ֆիլմի պրեմիերան Ձորաղբյուրի Tigran Art Studio-ում համախմբեց այն երիտասարդներին, ովքեր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ։
Վավերագրական ֆիլմի հերոսուհիները հինգ երիտասարդ կանայք են, ովքեր յուրովի են պատասխանում այն հարցին, թե ինչ է նշանակում ապրել, արարել և ինքնադրսևորվել ժամանակակից Հայաստանում։ Անի Առաքելյանը զարգացնում է ժամանակակից հայկական ինքնության մասին հարթակը, Հաննա Հարությունյանը ուղի է հարթում ռոբոտատեխնիկայի և տիեզերական հետազոտությունների ոլորտում, Սրբուհի Բալայանը թատրոնի միջոցով պահպանում է Հադրութի հիշողությունը, Նանե Դարբինյանը խնամում է կենդանիներին Երևանի կենդանաբանական այգում, իսկ Մեգգի Արարատյանը սեփական գեղարվեստական տիեզերքներն է ստեղծում անիմացիայում։

Իրենց պատմությունների միջոցով ֆիլմն ուսումնասիրում է, թե ինչպես են երիտասարդ հայուհիները հարաբերություններ կառուցում ավանդույթի, ազատության և անձնական ընտրության հետ՝ որոշելով իրենց տեղը արագ փոփոխվող աշխարհում։
Կինոնկարը միտումնավոր հրաժարվում է գծային պատմությունից. մեկ կինեմատոգրաֆիկ կադրը բաժանվում է մի քանի ուղղահայաց իրականությունների, որոնք գոյակցում են միաժամանակ։ Սա պարզապես գեղագիտական հնարք չէ, այլ միջոց՝ ներկայացնելու մի սերունդ, որը միաժամանակ ապրում է երեք հարթությունում՝ իրականում, երևակայության աշխարհում և այն միջավայրում, որը ցուցադրում է համացանցում, նշում են նախագծի հեղինակները։
«Մենք եռապատումը պատկերացրել էինք որպես խոսակցություն հիշողության, պատասխանատվության և ընտրության մասին, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Եզրափակիչ մասում ինձ համար կարևոր էր ցույց տալ, թե ինչպես են երիտասարդ կանայք ոչ միայն ժառանգում փորձը, այլև վերաիմաստավորում և նորից կառուցում իրենց ինքնությունը՝ լեզվի, հիշողության և թվային աշխարհի միջև», — ասում է նախագծի պրոդյուսեր Կարապետյանը։

Բացելով պրեմիերայի երեկոն՝ Տաթևիկը խոստովանեց, որ իրեն հատկապես հարազատ են այս սերնդին բնորոշ անկեղծությունը, մտքի ազատությունն ու կյանքը զգալու կարողությունը։ Նրա խոսքով՝ երիտասարդ հերոսուհիներին միավորում է սեփական ճանապարհն առանց վախի ընտրելու և իրենց սկզբունքներին հավատարիմ մնալու պատրաստակամությունը։
«Այնտեղ, որտեղ շատերը կասկածում են և խոչընդոտներ են տեսնում, երիտասարդներն առաջ են շարժվում, հաճախ՝ բոլոր դժվարություններին հակառակ, և հասնում են արդյունքների։ Այդ էներգիան ոգեշնչում է և հնարավորություն տալիս մտածել ամենահավակնոտ նախագծերի մասին», — ընդգծել է Տաթևիկը։
Եռագրության երեք ֆիլմերից յուրաքանչյուրը ստեղծվել է առանձին ռեժիսորի կողմից՝ սեփական հեղինակային հայացքով, ինչը հնարավորություն է տվել տարբեր տեսանկյուններից բացահայտել կանանց ինքնության, ժառանգության և հիշողության թեմաները։ Միասին այս երեք փուլը փաստագրում են տարբեր սերունդների կանանց դերը։ Հեղինակները նշում են, որ գիտակցաբար խուսափում են պաթոսից և հերոսացումից՝ հանդիսատեսին հնարավորություն տալով տեսնել նրանց այնպիսին, ինչպիսին կան՝ աշխատանքի, ստեղծագործության, կասկածների և սեփական ուղու որոնումների մեջ

«Կինոն ինձ համար ինքնաճանաչման ամենակարճ ճանապարհն է։ Այս ֆիլմի միջոցով ես ճամփորդել եմ հինգ երիտասարդ հայ կանանց կյանքերով, և դա դարձել է իմ սեփական անձի ամենակինեմատոգրաֆիկ արտացոլումներից մեկը։ Այս ֆիլմում ես փորձել եմ մարդուն դիտարկել արտացոլանքի միջոցով, որովհետև իրական կյանքում, անձնական տարածքում և սոցիալական ցանցերում մենք միշտ տարբեր ենք՝ ասես կազմված լինենք մեր անհամատեղելի տարբերակներից։ Տեսախցիկն ինձ համար դարձավ այդ շերտերը բացահայտելու միջոց՝ առանց դրանք մեկ ճշմարտության հասցնելու, այլ թույլ տալով, որ դրանք համատեղ գոյակցեն նույն կադրում։ Եվ այս ֆիլմն ինձ համար նաև սիրո մասին է։ Սիրո, որը չի սահմանափակվում միայն ռոմանտիկ զգացմունքներով. սիրո՝ կենդանիների, երկրի, արվեստի, ստեղծագործական ընթացքի և պարզապես կյանքի մեջ ներկա լինելու նկատմամբ», — ասել է ֆիլմի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը։
Երրորդ մասի ստեղծագործական խմբում աշխատել է միջազգային և հայկական թիմ։ Օպերատորական աշխատանքը կատարել է Բագրատ Սարոյանը, ձայնային ձևավորումը՝ Տիգրան Մայլյանը։ Նախագծի թիմում ներգրավված են եղել նաև համակարգող Նարա Կարապետյանը, տեխնիկ Առնոլդ Ղազարյանը, գաֆեր Մուշեղ Սիմոնյանը, լուսավորող Աբո Հակոբյանը, ֆիլմի տնօրեն Բորիս Ղազարյանը, ադմինիստրատոր Արամ Պալյանը և վարորդ Սոս Թանայանը։

Ցուցադրությունը համախմբել էր ֆիլմի հերոսուհիներին, ստեղծագործական խմբին և հյուրերին, որոնց թվում էին նաև նոր՝ VEREV նախագծի մասնակիցները։ Դրա մասին պատմել է հիմնադիր Տաթևիկ Կարապետյանը։
VEREV նախագծի հիմքում ընկած է պարզ գաղափար. մեծ փոփոխությունները հաճախ սկսվում են խոսակցությունից։ Լսելով ինքնահաստատման, կարիերայի և սեփական ձայնի որոնման մասին հայ երիտասարդ կանանց տասնյակ պատմություններ՝ Կարապետյանը որոշել է ստեղծել հանդիպումների, փորձի փոխանակման և անկեղծ երկխոսության տարածք։

Այսպես ծնվեց տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր կանանց միավորող հարթակը, որի գործունեության հիմքում փոխադարձ աջակցության և զարգացման գաղափարն է։ Այն ակտիվորեն կսկսի գործել սեպտեմբերից։
«VEREV-ը կամուրջ է գործելու ցանկության և այդ ցանկությունը կյանքի կոչելու ճանապարհը հասկանալու միջև։ Մենք չենք առաջարկում համընդհանուր պատասխաններ, որովհետև յուրաքանչյուր կին իր սեփական ուղին ունի։ Փոխարենը ստեղծում ենք միջավայր, որտեղ անձնական փորձը, բաց քննարկումները և անկեղծ հետադարձ կապը օգնում են տեսնել սեփական ռեսուրսներն ու հենարանները», — եզրափակել է Կարապետյանը։
Կարդացեք նաև՝
«Մայրություն և կարիերա»․ կայացել է հայ կանանց մասին եռագրության 2-րդ մասի պրեմիերան
