Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը։
Ըստ աղբյուրի՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանի ուղևորային տերմինալը ենթարկվել է Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակմանը, ինչի հետևանքով կան տուժածներ։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ օդանավակայանի T1 ուղևորային տերմինալի վրա հարձակումից հետո գործարկվել է արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիրը։
Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ հարձակման հետևանքով օդանավակայանի մի շարք օբյեկտներ լրջորեն վնասվել են, կան նաև վիրավորներ։ Դեպքից հետո իշխանությունները դադարեցրել են բոլոր թռիչքները, իսկ ժամանող օդանավերը վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ՝ մինչև նոր ծանուցում։
Քուվեյթի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սաուդ ալ-Աթվանը հաստատել է, որ T1 տերմինալը հարվածների է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով զգալի նյութական վնաս է հասցվել, մի քանի մարդ վիրավորվել է և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն։
Չորեքշաբթի գիշերն ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզում գտնվող ցամաքային կառավարման կետին՝ Իրանից արձակված հրթիռների և անօդաչու սարքերի վնասազերծումից հետո։
Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ ի պատասխան ԱՄՆ գործողությունների՝ հրթիռային և անօդաչու հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի շտաբին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներից մեկում գտնվող ամերիկյան ավիաբազային։
