Իրանն ու ԱՄՆ-ն նոր հարվածներ են փոխանակել տարածաշրջանում՝ հրադադարի շուրջ բանակցությունների փաստացի դադարեցման ֆոնին, հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ամերիկյան զինվորականները հարված են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու օբյեկտներից մեկին։ Թիրախում իրանական զինուժի վերգետնյա կառավարման կետն էր։
Բացի այդ, Վաշինգտոնը հայտարարել է երեք հարվածային անօդաչու թռչող սարքի որսման մասին, որոնք, ամերիկյան կողմի վարկածով, ուղղված էին քաղաքացիական նավերի դեմ։
Ի պատասխան՝ Իրանը հաղորդել է տարածաշրջանի երկրներից մեկում ամերիկյան բազաների և ուղղաթիռների ուղղությամբ հրթիռային ու անօդաչուների միջոցով հասցված հարվածների մասին։
Ամերիկյան զինվորականների փոխանցմամբ՝ Թեհրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի, ևս երեքը՝ Բահրեյնի ուղղությամբ։ Տեղական սոցիալական էջերում արդեն տարածվում են Իրանի կողմից հասցված հարվածների տեսանյութերը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցի անվտանգության խաթարումը ծանր հետևանքներ է ունենալու ամերիկյան զինուժի ագրեսիվ գործողությունների համար»։
Զուգահեռաբար, ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ծովային շրջափակման շրջանակում գրանցված նոր միջադեպի մասին։ Ամերիկյան ուժերը շարքից հանել են դեպի Իրան ընթացող Բոթսվանայի դրոշով լողացող մի տանկեր։ Իրավիճակի հերթական սրումը տեղի է ունենում ձգձգվող բանակցային գործընթացի ֆոնին։
ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է հրադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում և հետագա բանակցությունների շարունակություն։
