ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի՝ Nobitex-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնել են գերատեսչությունից։
Ըստ նախարարության՝ Nobitex-ը զգալի աջակցություն է ցուցաբերել Իրանի իշխանություններին՝ 2025 թվականին մշակելով երկիր մուտք գործող թվային ակտիվների ավելի քան 50%-ը։ ԱՄՆ-ի պնդմամբ՝ հարթակը նաև նպաստել է Իրանի հետ կապված ահաբեկչական գործունեության, պատժամիջոցների շրջանցման և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչվող գործարքներին, այդ թվում՝ կիբեռհանցավոր խմբերի գործունեությանը։
Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև Nobitex-ի տնօրենների խորհրդի նախագահը, համահիմնադիրը և նախկին գլխավոր տնօրենը։
Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական այլ կրիպտոարժութային բորսաների՝ Wallex, Bitpin և Ramzinex նկատմամբ։
«Մինչ Իրանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, իշխանությունները թվային ակտիվների տեխնոլոգիաներն օգտագործում են սեփական կոռուպցիոն նպատակների համար, այդ թվում՝ պատժամիջոցները շրջանցելու և երկրից կապիտալ դուրս բերելու նպատակով»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է հրադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում և հետագա բանակցությունների շարունակություն։
