Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկելու են Եվրամիության աջակցությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից ՀՀ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին, գրում է «Ազատությունը»՝ հղում անելով Բրյուսելի իր աղբյուրներին։
ԶԼՄ-ի տվյալներով՝ նրանք այդ մասին քննարկելու են հունիսի 3-ին սպասվող հեռախոսազրույցի միջոցով։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ չափը դեռ որոշված չէ։
Դրամական օժանդակությունից բացի, ըստ նույն աղբյուրների, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։
Թե հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը, նույնպես հայտնի չէ։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։
