Հայ և թուրք գործարարները հանդիպում են անցկացրել Կարսում – armeniatoday.am

Հայ և թուրք գործարարները հանդիպում են անցկացրել Կարսում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպումը տեղի է ունեցել Կարսի առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո։ Մասնակցել են երկու երկրների գործարարներ, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Այշե Ուզերը, ինչպես նաև Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության և Կարսի, Իգդիրի, Արդահանի և Էրզրումի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչները։

Համաժողովում ելույթ ունենալով՝ Դարբինյանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունն այս հանդիպման համար։ Նա նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան ունեն «արդյունաբերական և առևտրային համագործակցության հսկայական հնարավորություններ»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, իր հերթին, նշել է, որ հանդիպումը ցույց է տվել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները «կրկին հասել են պատմական հանգրվանի»։ Նա նաև նշել է երկու երկրների գործարար ներկայացուցիչների միջև այս մակարդակով հանդիպումների կարևորությունը։

Մայիսին Հայաստանը և Թուրքիան Երևանում ստորագրել էին Անիի կամրջի վերականգնան վերաբերյալ արձանագրություն։ Անկարան որոշել էր վերացնել Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքը: Ախուրյան և Արաքս գետերի համատեղ օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի առաջին համատեղ նիստը նույնպես տեղի էր ունեցել Երևանում: Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վրաստանի Ախալքալաք քաղաքից մինչև Կարս երկաթուղին բաց է Հայաստանից արտահանման և ներմուծման համար։

Leave a Comment