ՌԴ-ն հիբրիդային պատերազմ է սանձազերծել ՀՀ դեմ՝ տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկելով. Խուրշուդյան

ՌԴ-ն հիբրիդային պատերազմ է սանձազերծել ՀՀ դեմ՝ տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկելով. Խուրշուդյան

Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մնացել է քիչ ժամանակ, և նախընտրական փուլը մտնում է իր վճռորոշ շրջան։ Վերջին օրերին քաղաքական մթնոլորտը նկատելիորեն սրվել է, ինչն արտահայտվում է տարբեր ուժերի ակտիվ հայտարարություններով ու փոխադարձ արձագանքներով։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։

-Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն ավարտին է մոտենում։ Ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավը. որքանո՞վ էր այն արդյունավետ, որքանո՞վ օգնեց ընտրողներին կողմնորոշվելու հարցում։

-Ընդհանուր առմամբ արդյունավետ եմ գնահատում։ Մի քիչ աղմուկն ու ատելության խոսքի չափաբաժինն էր շատ, բայց կարող էր ավելի վատ լինել։ Պետք է հասկանալ, որ երբ քաղաքական համակարգդ բաց է և ժողովրդավարական, դրանից օգտվում են նաև դրսի ուժերը, հատկապես ավտոկրատիաները. տվյալ դեպքում՝ Ռուսաստանն իր հինգերորդ շարասյան միջոցով, որպեսզի աղտոտեն հենց նորմալ քաղաքական գործընթացը և ի վերջո տապալեն ժողովրդավարությունը։

-Ինչպե՞ս եք գնահատում մասնակցող կուսակցությունների ընտրական շանսերը՝ ուժերի ներկայիս դասավորության պայմաններում։

-Ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է և փոշիացած ձայների գումարմամբ կարող է հավաքել մեծամասնություն ու ձևավորել կառավարություն։ Ռուսամետ ընդդիմության բոլոր ուժերն էլ սահմանային վիճակում են, այսինքն՝ կարող է և չհաղթահարեն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Այստեղ էական է, թե արդյոք որևէ ժողովրդավարական, եվրոպամետ ուժ կկարողանա՞ հաղթահարել այդ շեմը, որպեսզի փակի օրենքի ուժով անգամ շեմը չհաղթահարած որևէ ռուսամետ ուժի՝ որպես երկրորդ և երրորդ խորհրդարանական կուսակցություն հայտնվելու հեռանկարը։

-Ընդդիմադիր որոշ ուժեր, հակառակ իշխանությունների հերքումներին, խոսում են ադրբեջանցիների վերադարձի թեմայով։ Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը 300 000 ադրբեջանցու թեման առաջ տանում։

-Որովհետև իրենց ամբողջ քարոզարշավը կառուցված է մեր ժողովրդի վախերը շահագործելու վրա, իսկ դրա համար այդ վախերը նախ պետք է արհեստականորեն գեներացնել և ուռճացնել՝ սուտ լուրեր տարածելով։ Նույն այդ վախերի մեծացմանն են ուղղված նրանց կրեմլյան տերերի սպառնալիքները Հայաստանի դեմ՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու, գազը թանկացնելու ուղղությամբ։

-Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե այս ընտրությունները չունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Այնուամենայնիվ, տարբեր գործիչների կողմից շատ խոսվեց ռուսական միջամտությունների մասին. այս առումով ինչպե՞ս կմեկնաբանեք, կա՞ աշխարհաքաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ, և ՌԴ-ն իրոք փորձե՞ց միջամտել։ Նաև եվրոպական որոշ լիդերներ իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ վարչապետին, նաև՝ Թրամփը։ Այս մասին ի՞նչ կասեք, քանի որ այս ուղղությամբ էլ եղան քննադատություններ։

-Ի տարբերություն 2021թ.-ի՝ այս ընտրությունների աշխարհաքաղաքական համատեքստն ակնհայտ է։ Հայաստանը փորձում է դուրս պրծնել ռուսական թակարդից, և իշխանություններն այդ գործընթացի առաջամարտիկն են: Այլ հարց է, որ զուտ քաղաքական առումով չեն կարող ավելի բաց այդ մասին խոսել, քան դա անում են ժողովրդավար քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը։ Այո՛, հենց Ռուսաստանի միջամտությունը մեր ընտրություններին ցույց է տալիս, թե ինչ մեծ են արտաքին խաղադրույքները մեր ընտրությունների վրա։ Ու եթե արևմտյան երկրները զուտ քաղաքական աջակցություն են ցուցաբերում գործող Քաղաքացիական պայմանագրին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա Ռուսաստանը, շատ կոնկրետ գործիքակազմի կիրառմամբ, հիբրիդային պատերազմ է սանձազերծել Հայաստանի դեմ՝ ապատեղեկատվության հեղեղից սկսած մինչև ՌԴ-ից Հայաստան ուղարկվող տասնյակ հազարավոր ուղղորդված ընտրողներ։

-Ի՞նչ խորհրդարան կունենանք հունիսի 7-ից հետո։

-Դա կախված է Հայաստանի Հանրապետության սուվերեն հանդիսացող ժողովրդի որոշումից։ Եվ եթե ռուսամետ ուժերը ստանան նվազագույն քվեներ, ապա ոչ միայն կունենանք ավելի արդյունավետ, քաղաքական խորհրդարան, այլև Կրեմլը հիմք չի ունենա հետընտրական խժդժություններ և քաղաքացիական բախումներ հրահրել Հայաստանում՝ իր մութ նպատակներին հասնելու համար։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment