Մոսկվան դժգոհ է Վաշինգտոնի՝ Երևանի հետ խորացող փոխգործակցությունից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում լսումների ժամանակ:
«Կարծում եմ՝ կան նշաններ, որ նրանք կցանկանային տեսնել ՀՀ ներկայիս առաջնորդի պարտությունն ընտրություններում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ֆոնին»,- ասել է նա։
Ռուբիոն ընդգծել է նաև, որ որևէ կերպ չեն միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը և այլ երկրների հետ հարաբերություններին, այլ հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով, որը հիմնված է ոչ միայն խաղաղության վրա, այլև փոխշահավետ գործակցության:
«Մենք պարզապես ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է. այն բացում է տնտեսական հնարավորություններ»,- ասել է նա։
