45 նոր տրոլեյբուսներն արդեն գիծ են դուրս բերվել․ հին շարժակազմը հանվել է շահագործումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

45 նոր տրոլեյբուսներն արդեն գիծ են դուրս բերվել․ հին շարժակազմը հանվել է շահագործումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փողոցներում այսօրվանից երթևեկում են նոր, ժամանակակից տրոլեյբուսներ. հին շարժակազմն արդեն դուրս է բերվել շահագործումից։

Քաղաքապետարանի ձեռք բերած 45 նոր տրոլեյբուսը  արդեն դուրս է եկել գիծ և սպասարկում է քաղաքացիներին։

Սա մայրաքաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների ծրագրի հերթական փուլն է։

Նոր տրոլեյբուսները հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով, հարմարավետ սրահներով և մարտկոցային ընթացքի հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս երթևեկել նաև այն հատվածներում, որտեղ կոնտակտային ցանց չկա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ վերջին 45 տրոլեյբուսների խմբաքանակը ռեկորդային թիվ էր։

«Դրանք 12 մետրանոց տրոլեյբուսներ են, որոնցից նախկինում ունեինք ընդամենը 30 հատ։ Այսօր արդեն գումարային 75 հատ նոր, ժամանակակից տրոլեյբուսներ են սպասարկում քաղաքը, և, իրականում, էս տրանսպորտային մեր շարժակազմի փոփոխությունները նախևառաջ էդ ծառայության որակի փոփոխություններ են հենց նրա համար՝ էն, ինչը որ մեզանից պահանջում են քաղաքացիները»,- ասաց քաղաքապետը։

Քաղաքապետը նշում է, որ նոր տրոլեյբուսների գլխավոր առավելություններից մեկը դրանց ինքնավար ընթացքով երթևեկելն է։

Սա հնարավորություն է տալիս ընդլայնել երթուղիները և հասնել այն բնակավայրերը, որտեղ նախկինում տրոլեյբուսային սպասարկում կազմակերպել հնարավոր չէր։

Ավինյանն ընդգծում է. «Էս տրոլեյբուսները նաև հնարավորություն ունեն առանց գծերի երթևեկելո՛ւ, և մենք տարբեր բնակավայրեր, օրինակ՝ Ջրվեժ, կարողանում ենք հասցնել առանց լարերի տրոլեյբուսները և այնտեղից քաղաքացիներին տեղափոխել քաղաք»։

Հանրային տրանսպորտի բարեփոխումները չեն սահմանափակվում միայն նոր շարժակազմի ձեռքբերմամբ։ Քաղաքապետարանում վստահեցնում են, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև սպասարկման որակի բարձրացմանը և վարորդների մասնագիտական պատրաստվածությանը։

Արդիականացման ծրագիրը շարունակական է։ Նոր տրոլեյբուսների մատակարարումից հետո նախատեսվում է փուլային կարգով փոխարինել նաև հին ավտոբուսները, վերանայել երթուղային ցանցը և ավելացնել տրանսպորտի հասանելիությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

«Իրականում, մենք, հաջորդիվ մեր ծրագիրը կայանում է նրանում, որ պետք է փոխարինենք մեր հին, մանուշակագույն «Հիգեր» ավտոբուսները, որոնք որ անցյալից միակ հուշն են մնացել մեր հանրային տրանսպորտում։ Եվ դա փոխարինելուց հետո մենք արդեն, կարելի է ասել, անցնում ենք նոր նորմայի. մենք ամբողջությամբ նաև կվերանայենք մեր հանրային տրանսպորտի գծերը այնպես, որ կրկնվող գծերը նվազեցնենք և հասանելիությունն էականորեն ավելացնենք Երևան քաղաքում հանրային տրանսպորտի։ Եվ անպայմանորեն մենք շարունակաբար, իհարկե, աշխատելու ենք մեր տրանսպորտի որակի վրա»,- նշեց քաղաքապետը։

Իսկ մայրաքաղաքի տրանսպորտային զարգացման երկարաժամկետ ծրագրերում առանցքային տեղ ունի նաև մետրոպոլիտենի ընդլայնումը։

Քաղաքապետը վերահաստատում է՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագիծն առաջ է ընթանում։

«Շուտով կսկսենք Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը։ Վարչապետի հետ պայմանավորվել ենք, որ ընտրություններից հետո հաջորդ առաջին ամենակարևոր քայլերից մեկը լինելու է Աջափնյակի մետրոյի շինարարության բուն պրոցեսին հասցնելու բոլոր գործընթացներն արագացնելը», – ավելացրեց Ավինյանը։

Նոր տրոլեյբուսները, արդիական ենթակառուցվածքներն ու նախատեսվող ծրագրերը Երևանի հանրային տրանսպորտն աստիճանաբար մոտեցնում են ժամանակակից եվրոպական քաղաքների չափանիշներին։ Քաղաքացիների համար սա նշանակում է ավելի հարմարավետ, անվտանգ և հասանելի տեղաշարժ մայրաքաղաքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment