Երեկ տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է» նախընտրական առաջին բանավեճն անցավ բարձր ակտիվությամբ և նկատելի լարված մթնոլորտում։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ոչ միայն ներկայացրին իրենց ծրագրային մոտեցումները, այլև հաճախ մտան կտրուկ ու հակասական դիրքորոշումների դաշտ՝ բանավեճը դարձնելով առավել սուր և դիտարժան։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է բանավեճի մասնակից, «Բոլորին դեմ եմ» շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի հետ։
-Տեղի ունեցած բանավեճից գո՞հ եք։
-Բարդ հարց է։ Ես իմ խնդիրները՝ որպես քաղաքական ասելիք ու քաղաքական ծրագիր ունեցող մարդ, լուծել եմ, բայց որպես քաղաքացի, երբ հիմա հետ եմ նայում այդ բանավեճին, չեմ տեսնում, թե ինչ լրացուցիչ արժեք ստացավ քաղաքացին այդ աղմուկից։
-Ամենաշատն ի՞նչը Ձեզ դուր եկավ բանավեճում։
-Ինձ համար ուրախալի էր, որ, ամենակարևորն է, ես ինձ թեթև էի զգում։ Այդ ընթացքում շփվում էի մարդկանց հետ ֆեյսբուքում, գրառումներ էի անում այն ամենի մասին, ինչը դուրս էր մնում կադրերից։ Ինձ համար լավ է անցել։
-Իսկ մյուս բանավեճերին է՞լ եք գնալու՝ պոպ-կոռն ուտելով։
-Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, և այս անգամ մեր վերաբերմունքն ու այն փաստը, որ մենք բոլորին դեմ ենք, պոպ-կոռնի ձևով ենք ցույց տվել։ Հաջորդ անգամ այլ մեթոդ կընտրվի, գուցե, եթե տեղին լինի, այս մեթոդը կկրկնենք։ Որպես այդպիսին՝ ինչ-որ կախվածություն չկա ստացված մեթոդներից. անընդհատ նոր բաներ ենք մտածում ու կիրառում։
-Այդ կերպ ներկայանալը, ըստ Ձեզ, ընտրողներն ինչպե՞ս են ընդունում. արդյոք անլրջացնելով չե՞ք վանի Ձեզանից։
-Այն մարդիկ, ում համար Ալեն Սիմոնյանի կամ անվերջ գոռացող ընդդիմադիր ուժերի քաղաքական կեցվածքը լուրջ է, կարծում եմ, այսպես թե այնպես մեզ չեն ընտրելու։ Ես թիրախավորում եմ այն մարդկանց, ում լրջությունը բավարարում է այնքան, որ հասկանան՝ այս կրկեսի մեջ մեր երկրի հետ կապ ունեցող ոչինչ չկա, և միակ արժանի վերաբերմունքը կրկեսի ծաղրն է. ուրիշ ոչ մի վերաբերմունք պետք չէ ունենալ։
-Շուտով կավարտվի քարոզարշավը. Դուք ինչպե՞ս կամփոփեք արդյունքները։
-Կարծում եմ՝ մենք լավ ենք աշխատել. դրա մասին հուշում է մարդկանց վերաբերմունքը մեր հանդեպ, ինչպես նաև սոցիոլոգիան։ Իսկ ընդհանուր քարոզարշավի մթնոլորտը լավը չէր, և եթե ընդհանուր քարոզարշավի մթնոլորտը լավը լիներ, կարծում եմ, «Բոլորին դեմ»-ը սոցիալական հենարան չէր ունենա։ Այն, որ «Բոլորին դեմ»-ն ունի սոցիալական հենարան, դրանում իրենց մեծ դերակատարումն են ունեցել բոլոր տեսակի քաղաքական ուժերը։
-Իսկ ինչո՞ւ մթնոլորտը լավը չէր։
-Որովհետև ես չեմ կարծում, որ բարոյական արժեքներ ունեցող հասարակական հարաբերություններում կարող է գոյություն ունենալ «բա դու ինչի՞ չես զոհվել» հարցից մինչև տարբեր մարդկանց «համբալ» ասելը։ Ես չեմ կարծում, որ դա նորմալ արժեքներ կերտելու ճանապարհ է։ Իսկ քարոզարշավն այն խտացված պատկերն է, թե ինչպիսին է լինելու երկիրը դրան հաջորդող 5 տարիների ընթացքում։
Լիլիթ Աբրահամյան
