Փաշինյանը սուբսիդիաներ է խոստացել ՌԴ սահմանափակումներից տուժած բիզնեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների պատճառով տուժած բիզնեսին աջակցելու ծրագրերի նախապատրաստման մասին։ Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում նա հայտնել է նաև դեպի նոր շուկաներ հայկական վարդերի և բանջարեղենի առաջին մատակարարումների մասին։

Փաշինյանը խոստացել է, որ կառավարությունը կսուբսիդավորի այն բիզնեսը, որն իր գնահատմամբ բախվել է «անհիմն ներկայացված» խախտումների։ Նա հավելել է, որ իշխանություններն արդեն հանդիպումներ են ունեցել գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ և ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ։

«Մենք կօգնենք մեր գործարարներին, որպեսզի նրանք իրենց արտադրանքը համապատասխանեցնեն նոր որակական չափանիշներին։ Իսկ այն դեպքերում, երբ առկա է ակնհայտ անարդարություն, պետությունը կիրականացնի սուբսիդավորման ծրագրեր, որպեսզի տնտեսվարողները չտուժեն»,-հայտարարել է նա»։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը CivilNet-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ կառավարությանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որը հայ ձեռնարկատերերին թույլ կտա արտադրանքն արտահանել Եվրոպական միության շուկա՝ Հունաստանից մինչև Գերմանիա։ Պապոյանը ԵՄ արտահանումը ռեալիստական է որակել, քանի որ հայկական արտադրանքը, օրինակ՝ մրգերն ու բանջարեղենը, ունեն Global Gap սերտիֆիկատ, ինչը Եվրոպայում կիրառվող որակի ամենաբարձր հավաստագրերից է։

Պապոյանը նաև նշել է փոխհատուցման սուբսիդիաների չափերը, որոնք հաշվարկված են ըստ յուրաքանչյուր ապրանքային ուղղության. մինչև տարեվերջ ծաղիկների համար այն կկազմի 5,5 միլիոն, լոլիկի համար՝ 3,5 միլիոն, իսկ պղպեղի համար՝ նույնպես 3,5 միլիոն դոլար։

Փաշինյանի խոսքով՝ իրացման շուկաների որոնման և ընդլայնման ուղղությամբ ներկայումս աշխատում են մի քանի գործարար պատվիրակություններ։ Թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, վարչապետը չի հստակեցրել: «Երբ տեղ հասնեն, այն ժամանակ կասեմ, թե կոնկրետ որ երկրներ են գնացել», – նշել է նա։

Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հայ արտադրողները կկարողանան իրացնել ողջ արտադրանքը, և իշխանություններին կհաջողվի արտահանումը կազմակերպել այլընտրանքային ուղղություններով։ «Արդեն իսկ արտահանվում է այլ ուղղություններով։ Եվ ոչ միայն Եվրոպական միություն»,— ընդգծել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը վստահեցրել է նաև, որ ընտրություններից հետո աշխատանքներ կտարվեն ԵԱՏՄ անդամ-երկրների հետ առաջացած հարցերը լուծելու համար։

«Որպես Եվրասիական տնտեսական միության մարմինների անդամ՝ մենք ընտրություններից հետո կվերադառնանք և կլուծենք բոլոր ընթացիկ հարցերը։ Սակայն, անկախ ամեն ինչից, մենք վարելու ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն և դիվերսիֆիկացնելու ենք մեր շուկաները»,-նշել է Փաշինյանը։

Ռուսական կողմը հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ նշելով դրանց որակական անհամապատասխանությունը։

Սահմանափակումներն արդեն տարածվել են Հայաստանից արտահանվող ծաղիկների, ելակի, ձկնարտադրանքի, «Ջերմուկ» հանքային ջրի, բանջարեղենային որոշ տեսակների, առանձին ալկոհոլային արտադրանքի վրա։

Leave a Comment