«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հայկական ծագման մշակաբույսերի, կարտոֆիլի, չորացրած մրգերի և կորիզավոր պտուղների ներմուծման վրա։
Ինչպես նշված է կառույցի հայտարարության մեջ, սահմանափակվում է նաև այդ ապրանքների տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ՝ այդ երկրների կողմից կարանտինային ապրանքների ստացումը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։
«Ռոսսելխոզնադզորն» այս անգամ ուղղակի գնահատական է տալիս Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը։
«Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համապատասխան ալգորիթմի մշակումը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում լիարժեք իրականացնել գյուղատնտեսական արտադրողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր լիազորությունները»,- նշված է հայտարարության մեջ։
Նույն հայտարարության մեջ հիշեցվում է, որ 2019 թվականին կառավարության կողմից իրականացված կառուցվածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց, և դրա գործառույթները փոխանցվեցին էկոնոմիկայի նախարարությանը: Ներկայումս հենց այդ գերատեսչությունն է պատասխանատու գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության համար:
2026 թվականի մայիսի վերջին Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ սահմանեց Հայաստանից կատարվող ներմուծման նկատմամբ։ «Ռոսսելխոզնադզորը» սկսեց սահմանափակել հայկական բանջարեղենի (լոլիկ, վարունգ, պղպեղ և այլն), մրգերի (ելակ), ինչպես նաև ձկան և ձկնամթերքի ներմուծումը։
Նախկինում սահմանափակումներ էին մտցվել նաև կոնյակի, գինու, ծաղիկների և «Ջերմուկ» հանքային ջրի ներկրման վրա։
Տես նաև՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter