Նաիրի Հոխիկյանի տանը խուզարկություններ են


Իրավապահները Նաիրի Հոխիկյանի տանը խուզարկություններ են իրականացնում:


 


 


Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորակերտ համայնքում Նաիրի Հոխիկյանի և Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:


 


«Նորակերտում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացվել է առերևույթ հանցանքի մասին 2 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հատկանիշներով:


 


Կատարվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- մանրամասնել էին ՔԿ-ից:


 


Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում միջադեպ-ծեծկռտուք էր եղել:


 


Մեզ հասած տեղեկություններով՝ միջադեպ-ծեծկռտուքը եղել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Նաիրի Հոխիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Խաչատրյանի միջև:


 


Ըստ նույն տեղեկությունների՝ Հոխիկյանը հարվածել էր Խաչատրյանին և ահաբեկել ատրճանակով:


 


Մենք նաև տեղեկություններ էինք ստացել, որ վիճաբանությունը ծագել էր նախընտրական պաստառի հետ կապված հարցից, որից հետո Հոխիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումներ էր կատարել՝ վիրավորելով Խաչատրյանին և իշխող ուժի այլ անդամների, այնուհետև Խաչատրյանը Հոխիկյանից պարզաբանում էր պահանջել, թե ինչու է վիրավորում: Հոխիկյանը, սակայն, չկարողանալով հիմնավորել իր քայլերը, հարվածել էր Խաչատրյանին:


 


ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:


 


Իսկ թե ինչ ատրճանակով է Հոխիկյանը ահաբեկել, հավելյալ մանրամասներ չէին հայտնել:


 


Հոխիկյանը, սակայն, պնդում է, թե իր վրա են հարձակում գործել:


 


 




 

Leave a Comment