Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ հայհոյախառն քննադատել է Նեթանյահուին

Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ հայհոյախառն քննադատել է  Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում խիստ հայհոյախառն խոսքերով քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պահանջել համաձայնել «Հեզբոլլահի» հետ հրադադարին, հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնական աղբյուրներին:

Ըստ աղբյուրների՝ Թրամփը Նեթանյահուին անվանել է «խելագար», հայտարարել, որ «բոլորն ատում են Իսրայելին» վերջինիս անհամաչափ գործողությունների պատճառով, և հիշեցրել, որ իր շնորհիվ է վարչապետը խուսափել բանտից (նկատի ունենալով Իսրայելի նախագահից Նեթանյահուի համար ներում խնդրելու իր պահանջը)։

Axios-ը մեջբերել է ամերիկացի պաշտոնյայի, որը Թրամփի՝ Նեթանյահուին ուղղված ուղերձը ամփոփել է հետևյալ կերպ. «Դու խելագար ես։ Դու բանտում կլինեիր, եթե ես չլինեի։ Ես փրկում եմ քո հետույքը։ Բոլորը հիմա ատում են քեզ։ Բոլորը ատում են Իսրայելին այս պատճառով»։

ԱՄՆ պաշտոնյաների փոխանցմամբ՝ Թրամփը համարում է, որ Իսրայելի գործողությունները վտանգում են Իրանի հետ հրադադարի երկարաձգման Վաշինգտոնի ջանքերը։

Միևնույն ժամանակ, Թրամփն իր Truth Social սոցցանցում զրույցն անվանել է «շատ արդյունավետ» և հայտարարել, թե Նեթանյահուն համաձայնել է հետ շրջել դեպի Բեյրութ շարժվող զորքերը, թեև իսրայելական ռազմական աղբյուրները հերքել են նման տեղաշարժի փաստը։

Իսրայելում ընդդիմադիր գործիչները, այդ թվում՝ Գադի Էյզենկոտը, և աջակողմյան նախարար Իտամար Բեն Գվիրը (իրենց X-ի էջերում) արդեն քննադատել են Նեթանյահուին Թրամփի ճնշումներին տեղի տալու համար։

Leave a Comment