Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Մեր ձևով» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ալեքսանյանին, տեղեկանում ենք ՔԿ հայտարարությունից։
Ըստ ՔԿ-ի հրապարակման՝ Ալեքսանյանը ցույցերին մասնակիցներ հավաքագրելու նպատակով ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու և նյութապես շահագրգռել նրանց։
ՀԿ-ի հաշիվներին «Տաշիր» բարեգործական հիմնադրամից և փոխկապակցված ընկերություններից փոխանցվել է շուրջ 1,6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար դոլար, որից ավելի քան 763 մլն դրամը վճարվել է որպես աշխատավարձ։ Գործի շրջանակում 500 անձ է հարցաքննվել, նշել է ՔԿ-ն։
Ալեքսանյանը ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով:
Հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հավաքներին նյութապես շահագրգռելու (ՀՀ ՔՕ 236-րդ հոդված, պատիժը՝ մինչև 5 տարվա ազատազրկում) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման (ՀՀ ՔՕ 296-րդ հոդված, պատիժը՝ մինչև 12 տարվա ազատազրկում) հատկանիշներով։
