——–
Վերջին տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների և բիզնեսի վարկային պարտավորությունները գերազանցում են 8 տրիլիոն դրամը։ Նիկոլ Փաշինյանը սա գլուխ գովելու թեմա է դարձրել և հրամցնում է որպես տնտեսության լավ վիճակի ցուցիչ։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է։
2020 թվականից հետո բանկային ոլորտի մաքուր շահույթն ավելի քան տասնապատկվել է։ 2025թ․ բանկերը 1 միլիարդ 100 մլն դոլարից ավելի փող են աշխատել (Փաշինյանի բարձր հովանու ներքո):
Մեր քաղաքացիների վարկային պարտավորությունների զգալի մասը սպառողական բնույթի են (հեռուստացույց, հեռախոս, փոշեկուլ (ականջդ կանչի Արարատ/ Arabat Միրզոյան), ուսման վարձ և այլն)։ Մի զգալի մաս էլ հիպոթեքային վարկեր են։ Այսինքն՝ վարկերը ոչ այնքան տնտեսության զարգացմանը և հավելյալ արժեք ստեղծելուն են նպաստում, որքան վարկային գերության կամ ստրկության մեջ են պահում «հպարտ քաղաքացուն»։
Սպառողական վարկերի աճի տեմպը 2025 թ․-ին ավելացել է։ Տարեկան աճը մոտ 30 տոկոս է, ինչը մտահոգիչ թիվ է։
Առևտրային բանկերը շուտով ստիպված են լինելու կրճատել սպառողական վարկեր տրամադրելու գործընթացը։
Եվս մեկ մտահոգիչ թիվ։ 2022 թվականից հետո վարկերի տարեկան աճի տեմպը կրկնակի շատ է ավանդների տարեկան աճի տեմպից։ Դա նշանակում է, որ վարկավորումը տեղի է ունենում առավելապես բանկային կապիտալի հաշվին, ինչը թանկացնում է վարկի գինը։
Տնային տնտեսությունների կամ պարզ ասած՝ անհատների վարկերը մեր ՀՆԱ-ի մոտ 35 %-ն են կազմել 2025 թ․։
Ելնելով թվերից՝ մեր ժողովրդի վարկային բեռը (չհաշված 8 միլիարդ դոլարով պետական պատքի ավելացումը) ավելի արագ է աճում, քան աճում են տնտեսությունը, քաղաքացիների աշխատավարձերը (եկամուտները), բիզնեսի շահույթը։ Դա նշանակում է, որ մենք կանգնած ենք վարկային/ բանկային ճգնաժամի նախաշեմին։
Վարկառուները ցածր եկամուտի պատճառով կարող են անվճարունակ դառնալ, ինչը շղթայական ռեակցիայի էֆեկտով փլուզումներ կառաջացնի բանկային ոլորտում և ամբողջ տնտեսության մեջ։
Մարդիկ հիմա աշխատում են բանկերի տոկոսները վճարելու համար։
Եթե այս ամենին ավելացնենք հարկերի, տուրքերի, այլ վճարների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների մատուցած ծառայությունների, առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գների աճը, ապա կստացվի, որ իրականում աղքատ է ոչ թե ՀՀ ամեն հինգերորդ քաղաքացին (ըստ պաշտոնական վիճակագրության), այլ ավելի շատ քանակի մարդ։
Դրա համար մենք առաջարկում ենք մեգանախագծերի կյանքի կոչումը։
Տարեկան մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը պետք է ազատվի շրջանառության հարկից։
Նվազագույն թոշակը չպետք է պակաս լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Մենք առաջարկում ենք 2027թվականից սկսած փուլային տարբերակով նվազագույն թոշակի չափը հասցնել 100 հազար դրամ՝ ամեն հաջորդ տարի այն ավելացնելով/ինդեքսավորելով նախորդ տարվա ինֆլյացիայի չափով։
Կրթությունը պետք է լինի անվճար, ինչը ծախսային բեռի թեթևացում կապահովի տնային տնտեսությունների համար։
Ինչ մնում է ԿԲ-ի անելիքներին և բանկային ոլորտի գործունեությանը, ապա առաջնային եք համարում հետևյալ քայլերը՝
– նպաստել տոկոսադրույքների իջեցմանը ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման միջոցով և այլ գործիքակազմերով (օրինակ’ դրամական զանգված/ ՀՆԱ հարբերակցության փոփոխությամբ՝ ավելացնելով դրամական զանգված (M2 ագրեգատ)),
– առևտրային բանկերի համար սահմանել նորմատիվներ՝ կրճատելով ներգրավող ավանդների և տրամադրվող վարկերի միչև մեծ տարբերությունը ՝ մարժան,
– մինչև 5 մլն դրամ վարկային պարտավորություններ ունեցողների համար զրոյացնել առաջացած տույժերն ու տուգանքները՝ իրականացնելով համաներում,
– վարել «թույլ» դրամի փոխարժեքային քաղաքականություն՝ նպաստելով արտահանմանն ու ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացմանը։
Ներկայացվող առաջարկներն ամբողջական չեն։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրում լուծումների ավելի լայն ցանկ է ներկայացված։ Վերը նշվածը անհետաձգելի քայլերին է վերաբերում։ Դրանք նոր իշխանության առաջին անելիքն են լինելու։ Իշխանափոխությունը ոչ միայն երաշխավորված խաղաղության, այլ նաև տնտեսական ճգնաժամից խուսափելու և զարգացում ապահովելու կարևորագույն նախապայմանն է։
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։
