Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված տեսաուղերձի հեղինակին փնտրելու շրջանակում իրավապահները 3-րդ օրն՝ խուզարկություններ են իրականացնում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների կողմից վարձակալված բնակարաններում, հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանը հայտնել է, որ խուզարկությունների մասին իրեն ահազանգել են այսօր առավոտյան։ Քննչական գործողությունները, Երիցյանի փոխանցմամբ, պայմանավորված են տեսաուղերձի գործի հետ, որի շրջանակում հունիսի 1-ին կասկածյալ Մ․Մ-ի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել և կալանքի միջնորդություն էր ներկայացվել վարչապետի սպանության նախապատրաստության հատկանիշներով։
Երիցյանը նշել է, որ Մհեր Միրզոյանն առնչություն չունի իրավապահների մատնանշած Մ․Մ-ի հետ։
«Ուշագրավն այն է, որ Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։ Տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Միրզոյանի աչքերի գույնից»,- ընդգծել է փաստաբանը։
Երիցյանը հավելել է, որ իրեն խուզարկությունների մասին ահազանգել է մի աղջիկ, որի խոսքով իրենց բնակարանը խուզարկել են երեք օր առաջ՝ վաղ առավոտյան։
Աղջիկը փաստաբանին փոխանցել է, որ իրենց բնակարանը ամբողջությամբ տակնուվրա են արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլ անձանց և այդ ամենը 9 ամսական ու 2 տարեկան երեխաների ներկայությամբ։
«Ընտանիքն ահաբեկված է և փաստացի հայտնվել է մեկուսացման մեջ։ Հեռախոսների առգրավումից հետո կորցրել են կապը հարազատների հետ, չեն կարողանում անգամ երեխաներին բժշկի տանել, ակնհայտորեն գտնվում են դիտումների տակ և անգամ իմ հեռախոսահամարն էլ, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ են գտել»,- եզրափակել է Երիցյանը։
Փաշինյանը, Արաբկիր վարչական շրջանում անդրադառնալով այդ տեսանյութին, հայտարարել էր, որ հեղինակներն Արցախից «փախածներ են»։ Տեսանյութում 5 անձ էր, որոնց ձեռքին զենք կար։ Ըստ տեսաուղերձի, նրանք նշել էին, թե գիտեն՝ Փաշինյանը որ փողոցներով է անցնում և խոստացել էին «գտնել նրան»։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ իշխանությունների հրահանգով խուզարկություններ են իրականացվում հանրային ակտիվ գործունեություն ծավալող արցախցիների տներում։ Մամուլի փոխանցմամբ՝ որպես պատրվակ օգտագործվել է «դիմակավորված արցախցիների» տեսանյութը, սակայն հենց իրենց՝ արցախցիների շրջանում տարածված է այն տեսակետը, որ դա իշխանությունների «բեմադրածն է»։ Ընդդիմադիր շրջանակները նույնպես տեսանյութը «բեմադրած» էին անվանել։
