Լիբանանում Իսրայելը ընդլայնել է գործողությունները. Շահան Գանտահարյան




Լիբանանում Իսրայելը ընդլայնել է գործողությունները․«Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ


 


 


– ԱՄՆ-Իրան 60-օրյա հրադադարի հաստատման շուրջ բանակցությունների ներկա վիճակը ինչպե՞ս կգնահատեք։


 


-Ըստ առկա տեղեկությունների՝ բանակցությունները ներկայումս առկախված են։ Թեև կողմերը դեռևս համաձայնության չեն հասել, որոշ ժամանակ թվում էր, որ դիվանագիտական ուղիները բաց են մնում միջնորդավորված երկխոսությունը շարունակելու համար։ Միաժամանակ, անօդաչու սարքերի, ռադարների և հենակետերի մակարդակով փոխադարձ հարվածներ են արձանագրվում, սակայն լայնածավալ գործողությունների դեռևս չեն դիմում։


 


– Որքանո՞վ է Հորմուզի հարցը շարունակում առանցքային դեր ունենալ այս գործընթացում։


 


-Հորմուզի կարգավիճակը շարունակում է մնալ գլխավոր հանգույցներից մեկը։ Բանակցությունների զգալի մասը կենտրոնացած է հենց այդ հարցի շուրջ։ Սակայն Թեհրանի վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ Իրանը դժգոհ է հրադադարի պայմանների չկատարմամբ, հատկապես Լիբանանի ուղղությամբ, և այդ պատճառով դադարեցնում է Վաշինգտոնի հետ միջնորդավորված երկխոսությունը։


 


-Ի՞նչ կապ կա Իրան-ԱՄՆ բանակցությունների և Լիբանանում զարգացումների միջև։


 


– Իրանի համար Լիբանանի հարցը շարունակում է մնալ հրադադարի կարևոր նախապայմաններից մեկը։ Միաժամանակ, Իսրայելը կարծես համոզված է, որ ընդհանուր համաձայնությունն ի վերջո կայանալու է, և այդ պատճառով ուժեղացնում է իր ռազմական գործողությունները Լիբանանում՝ խորացնելով իր ներկայությունը հարավային շրջաններում։


 


– Ինչպե՞ս եք գնահատում Վաշինգտոնի դիրքորոշումը։


 


-Վաշինգտոնը մի կողմից Իսրայելին հորդորում է չհարվածել Բեյրութին, սակայն մյուս կողմից հարավային շրջաններում Իսրայելի գործողությունների նկատմամբ ավելի հանդուրժող մոտեցում է ցուցաբերում։ Սա ստեղծում է այն տպավորությունը, որ Բեյրութի և հարավային Լիբանանի նկատմամբ կիրառվում են տարբեր չափանիշներ։


 


-Իսրայելի ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս է ազդում ընթացիկ զարգացումների վրա։


 


– Իսրայելի վարչապետի համար կարևոր է ներքին լսարանի առջև պահպանել քաղաքական դիրքերը։ Եթե առանց զգալի արդյունքների կամ «Հըզբոլլահի» հնարավորությունների թուլացման հաստատվի զինադադար, դա կարող է բացասաբար անդրադառնալ նրա հեղինակության վրա, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը շարժվում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։


 


-Այսինքն՝ անվտանգության գործոնից բացի, կա նաև ընտրակա՞ն հաշվարկ։


 


-Անկասկած։ Ներկայիս ակտիվությունը պայմանավորված է ոչ միայն անվտանգային, այլև քաղաքական և ընտրական նկատառումներով։ Ընդ որում, ընտրական գործոնը նկատելի է ոչ միայն Իսրայելում, այլ նաև ԱՄՆ-ում, որտեղ նույնպես սպասվում են ընտրական գործընթացներ։


 


-Վերջին օրերին նկատվող լարվածության աճը ինչո՞վ է պայմանավորված։


 


-Կարծում եմ՝ այստեղ գործում է մի յուրահատուկ միջանկյալ փուլ։ Մի կողմից շարունակվում են դիվանագիտական փորձերը, մյուս կողմից Իսրայելը ձգտում է առավել բարենպաստ դիրքեր ապահովել մինչև հնարավոր համաձայնության ձեռքբերումը։ Այդ պատճառով էլ մենք տեսնում ենք ռազմական գործողությունների սրացում, հատկապես Լիբանանում։


 


– Կարելի՞ է խոսել Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև որոշակի համաձայնեցված մոտեցման մասին։


 


– Տպավորությունն այդպիսին է։ ԱՄՆ-ը նախ փորձում է դիվանագիտական ճանապարհով հասնել հրադադարի, այնուհետև արձանագրում է, որ այդ փորձերը բավարար արդյունք չեն տվել։ Այդ ընթացքում Իսրայելը հնարավորություն է ստանում ընդլայնելու իր գործողություններն ու ամրապնդելու դիրքերը տեղում։


 


– Ի՞նչ զարգացումներ կարող են սպասվել առաջիկայում։


 


-Հնարավոր է, որ հրադադարի շուրջ իրական համաձայնության նշաններ երևան միայն այն բանից հետո, երբ Իսրայելը հասնի իր առջև դրված որոշ ռազմական և ռազմավարական նպատակների։ Իսկ Իրան-ԱՄՆ բանակցությունների ձգձգումը, փաստացի, ժամանակ է տալիս այդ գործընթացի շարունակման համար։ Այդ պատճառով Լիբանանում լարվածության հետագա աճը ներկայումս լիովին բացառել հնարավոր չէ։


 


 




 

Leave a Comment