ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի շուրջ բանակցություններ կվարի Իսրայելի և շիական «Հեզբոլլահ» շարժման միջև:
«Ես շատ արդյունավետ զրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ, և Բեյրութ զորքեր չեն ուղարկվի, և այնտեղ ուղարկված բոլոր զորքերն արդեն հետ են քաշվել: Նմանապես, ես շատ լավ զրույց ունեցա «Հեզբոլլահ»-ի հետ՝ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները կդադարեն: Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա», – ասել է Թրամփը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է Reuters-ը: Նա նաև ասել է, որ հրահանգել է իսրայելական զինվորականներին «ընդլայնել ցամաքային գործողությունները» Լիբանանում: Լիբանանի կառավարության տվյալներով՝ իսրայելական ուժերը մայիսի 31-ին ավելի քան 40 հարված են հասցրել հարավային Լիբանանին:
Դրանից հետո իրանական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իրանցի բանակցողները դադարեցնում են Միացյալ Նահանգների հետ հաղորդակցությունը՝ Լիբանանի վրա հարվածների պատճառով։
Գործակալությունը նաև հայտարարել է, որ Իրանը և «Դիմադրության ճակատը», որը ներառում է նրա դաշնակիցներին Եմենում, Լիբանանում և Իրաքում, նպատակ են դրել ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և «ակտիվացնել գործողություններն այլ ճակատներում», այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում:
Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո:
