Հայաստանից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌԴ կսահմանափակվի

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, արձանագրել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտղամթերքի մատակարարումների ընթացքում խախտումների հաճախականության աճ։ Այս մասին Iravaban.netը տեղեկանում է Ռոսսելխոզնադզորից։

Գերատեսչության տվյալներով՝ հայկական կողմին բազմիցս փոխանցվել են տեղեկություններ՝ կարանտինային օբյեկտների հայտնաբերման վերաբերյալ, որոնք վերաբերում են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասատուներին և բուսական հիվանդություններին։

Ռոսսելխոզնադզորը նշում է, որ խախտումների հաճախականության աճը կարող է կապված լինել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման և գործառույթների փոխանցման հետևանքով ստեղծված վարչական փոփոխությունների հետ, երբ լիազորությունները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը։

Գերատեսչության գնահատմամբ՝ վերջին շրջանում Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջներին, ինչը, ըստ ռուսական կողմի, կարող է վկայել կառավարման և վերահսկողության համակարգային խնդիրների մասին։

Ռոսսելխոզնադզորը նաև ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը կարող է վտանգել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը, ինչպես նաև ազդել ներքին գյուղատնտեսական ծրագրերի վրա՝ հատկապես պտղաբուծության և խաղողագործության ոլորտներում։

Այս հիմքով՝ 2026 թվականի հունիսի 2-ից սահմանվում են ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի Հանրապետությունից ծագող և առաքվող կորիզավոր պտուղների (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման վրա։ Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվում նաև նշված ապրանքների տարանցման նկատմամբ ԵԱՏՄ անդամ պետություններով՝ մինչև համապատասխան անվտանգության ապահովման մեխանիզմների մշակումը։

Ավելի վաղ գրել էինք, որ Կառավարության կողմից առաջարկվել է փոփոխություն N 1284-Լ որոշման մեջ, որով նախատեսվում է մեղմել ջերմատնային տնտեսությունների վարկային պայմանները։ Վարկի մարման ժամկետը առաջարկվում է երկարացնել 8-ից մինչև 9 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 12-ից մինչև 18 ամիս։ Փոփոխությունը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» սահմանափակումների հետևանքով արտահանողների կրած վնասների մեղմմամբ։

Leave a Comment