Իրանը բանակցային սեղանի շուրջ կարողացավ որոշ հաջողությունների հասնել. Մելքոնյան

Իրանը բանակցային սեղանի շուրջ կարողացավ որոշ հաջողությունների հասնել. Մելքոնյան

ԱՄՆ-ն կրկին «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել իրանական ենթակառուցվածքներին, ինչին ի պատասխան՝ Իրանն էլ հարվածել է Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակից Քուվեյթին։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։

-ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել՝ չնայած հրադադարի համաձայնությանը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում. արդյոք այսպիսով վտանգի տակ չի՞ դրվում համաձայնությունը։

-Իրականում՝ ոչ, որովհետև մի հարց է, երբ էպիզոդիկ հրադադարը շարունակ խախտվում է, և այլ բան է, երբ կողմերից մեկն ինչ-որ լայնածավալ հարձակում է պատրաստում։ Գուցե նմանատիպ էսկալացիան կապված լինի նախնական պայմանավորվածությունների հետ, և կողմերից մեկը փորձում է արդեն դե ֆակտո իրականացնել դրանք։ Ինձ թվում է՝ դրա հետ է կապված, քանի որ բոլորը հասկանում են, որ Միացյալ Նահանգների պայմաններից մեկն այն է, որ Հորմուզի նեղուցը բլոկադայից դուրս գա։ Մենք զուգահեռաբար տեսնում ենք դիսկուրսի մակարդակով պայքար իրանական և ամերիկյան մամուլում։ Հիմա պայքարը, բացի բանակցային սեղանի շուրջ ընթանալուց, ընթանում է նաև դիսկուրսային մակարդակով։

-ԱՄՆ նախագահն ասել է. «Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ միջուկային զենք երբևէ չի լինի»։ Ի՞նչ երաշխիքի մասին է խոսում Թրամփը, և Իրանը կհրաժարվի՞ իր միջուկային ծրագրերից։

-Մենք չենք կարող ասել, որ Իրանն ունի միջուկային զենք ստանալու պլաններ։ Մենք ունենք հակառակ փաստը, որ Իրանը չպիտի ունենա միջուկային զենք։ ԱՄՆ-ն ու Իսրայելը մտահոգված են, որ Իրանը կարող է մի օր միջուկային զենք ստանալ, բայց այդ մտահոգությունները կան դեռ 90-ական թվականներից։ Հիմնական երաշխիքները կարող են լինել հետևյալը. առաջին՝ միջուկային ենթակառուցվածքների լիովին ապամոնտաժում, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ուրանի հարստացման մակարդակն այլևս չի աճի, երկրորդ՝ միջուկային ենթակառուցվածքը պիտի լինի միջազգային կամ ինչ-որ այլ կառույցների վերահսկողության ներքո, և երրորդ բաղադրիչը՝ հարստացված ավելի քան 400 կիլոգրամ ուրանը չպետք է լինի Իրանի վերահսկողության ներքո։ Այս երեքն են հիմնական երաշխիքները Իսրայելի և Միացյալ Նահանգների տեսանկյունից։

Ակնհայտ է, որ միջուկային ենթակառուցվածքը Իրանը չի ապամոնտաժելու. նա կարող է կոնսերվացնել դրանք, որպեսզի ընդհանրապես չաշխատեն։ Այլ ենթակառուցվածքներ նա պատրաստ կլինի տրամադրել միջազգային դիտորդներին, որպեսզի նրանք տեսնեն, որ որևէ աշխատանք չկա միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ։ Իսկ ամենակարևոր խնդիրը հիմա հարստացված ուրանի շուրջ է։

-Բանակցային ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, կա՞ համաձայնության հասնելու տարբերակ։

-Այո, որքան տեսնում եմ, անկեղծ ասած, Իրանն ինքը ռազմական տեսանկյունից ավելի շատ վնաս ստացավ, քան ԱՄՆ-ն։ Իսկ քաղաքական տեսանկյունից Նահանգները չկարողացան հաղթել, այսինքն՝ չկարողացան կամ իրենց կամքը թելադրել Իրանին, կամ հասնել այնպիսի նպատակների, ինչպիսին է իշխանության տապալումը։ Բայց նույնիսկ բանակցային սեղանի շուրջ մենք տեսնում ենք, որ Իրանը կարողացավ որոշ հաջողությունների հասնել։ Հաջողության հասնելու համար մենք տեսնում ենք, որ բանակցությունն ընթանում է հետևյալ ուղղությամբ. այն չի լինելու փաթեթային, այլ լինելու է փուլային։ Այսինքն, առաջին փուլում Հորմուզի նեղուցը բլոկադայից դուրս է գալիս, և փաստացի արդեն կֆիքսվի ինչ-որ նոր ստատուս քվո. այժմ բանակցություններն ընթանում են նաև դրա շուրջ։ Երկրորդ փուլում արդեն կարող են լինել ինչ-որ տնտեսական պայմանավորվածություններ, այսինքն, այլ քայլեր, իսկ միջուկային հարցը կարող է լինել արդեն երրորդ փուլում։ Այսինքն, եթե կարողանան իրականացնել առաջին փուլը, մինչև երրորդ փուլը գուցե գործը չհասնի՝ հաշվի առնելով ներքին իրավիճակը (նկատի ունեմ Միացյալ Նահանգների ընտրությունները)։

Իհարկե, կլինեն նախնական պայմանավորվածություններ, բայց, էլի եմ ասում, դա չի նշանակում, թե պատերազմն ավարտվել է, և Իսրայելը նորից չի փորձելու հարձակվել, կամ էսկալացիա տեղի չի ունենա։ Քանի որ գիտենք, օրինակ, Գազայի կամ Լիբանանի օրինակով՝ առաջին փուլը կատարեցին մասամբ, երկրորդ փուլին դեռ չեն հասել, և հիմա ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի Գազայի շուրջ։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment