Նույն՝ «Մոսկվա- Բաքու առանցք» կոնֆերանսի երկրորդ նիստը գումարվել է 2018թ․ հունիս 1-2-ին, բայց արդեն՝ Ադրբեջանում, ավելի կոնկրետ՝ Ջեբրայիլի շրջանի Ջոջուկ Մարջանլի գյուղում, որը ադրբեջանական բանակի կողմից հետ է գրավել 1994թ․ հունվարին՝ Հորադիզ ավանի և մոտ մեկուկես տասնյակ այլ բնակավայրերի հետ։ Երկրորդ կոնֆերանսն անցել է «Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Ադրբեջանն» է կարգախոսի ներքո։
Մասնակիցները Ալեքսանդր Դուգինի առաջնորդությամբ այցելել են 2016թ․ ապրիլյան մարտերի ընթացքում ադրբեջանական զորքերի վերահսկողությանը անցած Լելե-թեփե բարձունք, ողջագուրվել այնտեղ մարտական հերթապահության կանգնած ադրբեջանցի զինվորականների հետ։ Իր ելույթում Կրեմլի գաղափարախոս Դուգինը ասել է, որ կոնֆերանսի համակազմակերպիչ Պրոխանովն է առաջարկել այն «անցկացնել Ղարաբաղում», և դա «ճիշտ է, քանի որ Ռուսաստանը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք»։ Բացի այդ, Դուգինը կարևորել է, որ Ջոջուկ Մարջանլիում կոնֆերանսի անցկացումը «խորհրդանշում է, թե Ռուսաստանի մտավորականությունը, հանրային գործիչները ինչպես են մոտենում ղարաբաղյան խնդրին, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին»։
Ըստ էության, արդեն 2017թ․ սեպտեմբերին,-իսկ դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ստեփանակերտում սահմանադրություն է փոխվել և ԼՂՀ-ն վերանվանվել է Արցախի Հանրապետություն,- Մոսկվան և Բաքուն եկել են ընդհանուր հայտարարի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի նոր պատերազմով։ Այլապես Դուգինը և պետական դումայի մի խումբ պատգամավորներ չէին այցելի ապրիլյան քառօրյա մարտերի հետևանքով ադրբեջանական վերահսկողությանը անցած Լելե-թեփե բարձունք։ Այդ, ինչպես նաև Թալիշի ուղղությամբ գրաված մի քանի դիրքերը Ադրբեջանը ներկայացնում էր որպես «ապագա ռազմական հաղթանակի խորհրդանշաններ»։
Այսպիսով, պարզ է, որ 2017-ի աշնանը ծրագրված էր այն, ինչ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն է խոստովանել․ «Մենք Ղարաբաղում Թուրքիայի հետ բարդ օպերացիա իրականացրինք», իսկ արտգործնախարար Լավրովը կատարվածը անվանել է «ռուս-թուրքական սիներգիայի արդյունք»։ Սա է իրողությունը, ինչի դիմաց բոլոր վերագրումները և մտավարժանքները կորցնում են իրենց արժանահավատությունը։ Ի դեպ, «Մոսկվա- Բաքու առանցք, դեպի Կովկասի նոր աշխարհաքաղաքականություն» առաջին կոնֆերանսը Մոսկվայում գումարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը ընդառաջ։ Ալիևը ինչո՞ւ պիտի համաձայներ ԼՂ կարգավորման խաղաղ-բանակցային ցանկացած առաջարկության, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել էր ռուս-թուրքական սիներգիայի միջնորդի հուսալի մանդատ։
Ինչքա՞ն կարելի է «Փաշինյանը մերժել է ղարաբաղյան կարգավորման հայանպաստ առաջարկությունները» խոսույթով, իրոք, «ծընգլ անել»։
