ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին է հայտնել – armeniatoday.am

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է նոր ձերբակալությունների մասին՝ քրեական վարույթի շրջանակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի վարկածով՝ ձերբակալվածները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ և համակիրներ են։

Գերատեսչությունը հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում իրականացվել են խուզարկություններ և քննչական այլ գործողություններ։ Ըստ քննության վարկածի՝ ԲՀԿ-ի Աբովյանի տարածքային գրասենյակի պատասխանատուն կուսակցության այլ անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ միասին ընտրողներին խոստացել և տրամադրել է դրամական միջոցներ։

Կոմիտեն հրապարակել է նաև ձայնագրություններ, որոնք, ըստ իրավապահների, առնչվում են քննվող գործին։ Քննության տվյալներով՝ դրանցում քննարկվում են քաղաքացիների ներգրավումը, 14 բազմաբնակարան շենքերի միջև պատասխանատվության բաշխումը, ընտրողների ցուցակների կազմումը և դրամական վճարումները։

Քննության վարկածով՝ սխեմային մասնակցող անձանց նաև խոստացվել է աջակցություն տարբեր հարցերի լուծման գործում, այդ թվում՝ հնարավոր աշխատանքի տեղավորում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող կառույցներում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մայիսի 26-ին Հակակաոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փետրվարի 7-ից մայիսի 19-ն ընտրական գործընթացների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տարբեր ենթադրյալ հանցանքների կատարման կասկածանքով 94-ի նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որին կմասնակցի 18 քաղաքական ուժ։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին։

Leave a Comment