ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հասարակական գործիչ Գեղամ Օհանյանն անժամկետ նստացույց է հայտարարել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո կալանավորված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Հասարակական գործիչ Օհանյանը կոչ է արել աշխատաքային օրվա ավարտին միանալ իրեն և նստացույց հայտարարած մյուս քաղաքացիներին։

Նա լրագրողներին տեղեկացրել է, որ պատրաստվում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմել բաց նամակով։ Նրա խոսքով՝ նամակում պահանջելու են, որ նախագահը Օսիպյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնի դատախազություն։

Նստացույցին քաղաքացիները եկել էին «Ազատություն Արթուր Օսիպյանին», «Լռել՝ նշանակում է խրախուսել» կարգախոսներով։
Օսիպյանն Արաբկիրում Փաշինյանին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի (որն այժմ գտնվում է Բաքվի բանտում-խմբ․) կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։
Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։ Օսիպյանին նույն օրը ձերբակալել էին, կալանավորել մայիսի 21-ին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։
Օսիպյանը Փաշինյանից պահանջել է ներողություն խնդրել իրենից և արցախցիներից
