Լիբանանցիները Նեթանյահուի սպառնալիքներից հետո լքում են Բեյրութի հարավային շրջանները

Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների բնակչությունը զանգվածաբար լքում են իրենց տները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բեյրութի ռմբակոծությունների վերաբերյալ սպառնալիքներից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Գոբեյրի արվարձանի քաղաքապետարանի աղբյուրին հղմամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդիկ լքում են բնակելի թաղամասերը՝ չսպասելով առաջիկա հարվածների մասին իսրայելական հրամանատարության հայտարարություններին, քանի որ մտավախություն ունեն, որ հակառակորդի ավիացիան կսկսի գրոհել հարավային շրջաններն առանց նախազգուշացման։ Այս պահին մեքենաների խիտ հոսքը քաղաքի հարավային մասից շարժվում է դեպի Բեյրութի կենտրոնական և արևելյան շրջաններ։

Ավելի վաղ Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էին, որ զինվորականներին հրահանգել են հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին։

Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։

Ավելի վաղ՝ ապրիլի կեսերին, ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։

Leave a Comment