ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա հարձակման գործով նոր մանրամասներ։ Գերատեսչությունը հայտնել է, որ մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան հանձնելու համար։
Ըստ քննության վարկածի՝ 2 ամսով կալանավորված Ր.Մ.-ն նախապես ձեռք էր բերել դյուրավառ հեղուկով լցված տարաներ և մարտի 6-ին մոտեցել ԱԱԾ շենքին, հրկիզել իր մոտ առկա տարաները և նետել դարպասների ուղղությամբ, ինչի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Մեղադրյալի գործողությունները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչության հատկանիշներով (պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով)։
Մարտի 6-ին տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ անձն ԱԱԾ շենքի ուղղությամբ հրկիզող նյութ է նետում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։ Մարտի 9-ին ԱԱԾ շենքի ուղղությամբ հրկիզող նյութ նետած տղամարդը կալանավորվել էր։
