Ռուսաստանը կասեցրել է հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը

Ռուսաստանը կասեցրել է հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը, բացառությամբ տեսչական ստուգումն անցած երկու ձեռնարկությունների, հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը։ 

Ըստ ռուսական գերատեսչության հաղորդագրության՝ այդ որոշումը կայացվել է մայիսի 21-ից 27-ը Հայաստանում անցկացված ձկնավերամշակող ձեռնարկությունների, ինչպես նաև իշխանաբուծական տնտեսությունների ստուգումների արդյունքում։

«Ռոսսելխոզնադզորի»-ից նշել են, որ ձկան և ձկնամթերք արտադրող ընկերությունների շուրջ 50%-ը հրաժարվել է տեսչական ստուգումներից։

«2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը պետք է բոլոր ընկերությունների համար կասեցնի Ռուսաստան արտահանվող կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը, բացառությամբ ստուգումն անցած երկու ձեռնարկությունների»,-հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։ 

Սահմանափակումը գործելու է մինչև արձանագրված խնդիրների կարգավորումը, մանրամասնել են գերատեսչությունից։

Գերատեսչությունը հավելել է, որ թույլտվություն ստացած երկու գործարանների արտադրանքը Ռուսաստան կներկրվի անվտանգության ցուցանիշների լաբորատոր վերահսկողության անցման պայմանով։ 

Ավելի վաղ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը հայտնել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներից հետո Ռուսաստան ներկրման թույլտվություն են ստացել հայկական երկու ձկնաբուծական ընկերություններ՝ «ՄՖ Էքսպորտը» և «Ինվեստ Պլյուսը»։ Մյուս ձեռնարկություններում, ինչպես նաև բուսաբուծական ութ արտադրական հարթակներում իրականացված ստուգումներն այժմ գտնվում են ամփոփման փուլում։

Leave a Comment