ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները և առաջարկել «փուլային դեէսկալացիայի» պլան, հայտնում է Reuters-ը։
Լրատվամիջոցը, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, մանրամասնել է Վաշինգտոնն առաջարկը։ Առաջին քայով ԱՄՆ-ն առաջարկել է, որ, որպես առաջին քայլ, «Հըզբոլլահը» դադարեցնի Իսրայելի դեմ հարձակումները, փոխարենն Իսրայելը կձեռնպահ մնա Բեյրութում լարվածության հետագա սրումից։ Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է հիմք ստեղծել փուլային դեէսկալացիայի և ռազմական գործողությունների դադարեցման համար։
Նշվում է, որ Լիբանանի նախագահը փորձել է առաջ մղել այդ նախաձեռնությունը և կողմերին հասցնել համաձայնության։ Սակայն Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին, որը հայտարարել էր, թե կարող է երաշխավորել «Հըզբոլլահի» կողմից հրադադարի պահպանումը, պահանջել է, որ Իսրայելն առաջինը դադարեցնի կրակը։
Միևնույն ժամանակ Իսրայելը շարունակում է ռազմական ճնշումը Լիբանանի հարավում։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հրամայել է զորքերին առաջ շարժվել «Հըզբոլլահի» դեմ գործողությունների շրջանակում՝ չնայած ավելի քան վեց շաբաթ առաջ հայտարարված հրադադարին։ Իսրայելական բանակը վերահսկողության տակ է վերցրել Լիբանանի հարավում գտնվող 900-ամյա Բոֆորտ ամրոցն ու հարակից ռազմավարական բարձունքները։
Գործողությունները հաջորդել են ապրիլյան հրադադարից հետո «Հըզբոլլահի» կողմից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ իրականացված ամենախոշոր հրթիռային հարձակումներից մեկին, որի հետևանքով փակվել էին դպրոցները և անվտանգության լրացուցիչ սահմանափակումներ էին մտցվել։
Ամերիկյան կողմն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ակնկալում, որ Իսրայելը կհանդուրժի իր խաղաղ բնակչության դեմ «Հըզբոլլահի» շարունակական հարձակումները։
Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։
Ավելի վաղ՝ ապրիլի կեսերին, ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։
