TRIPP–ը ստորագրելը չի նշանակում, որ հաղորդակցության ուղիները կաշխատեն ՀՀ–ի օգտին. Քոչարյան




 

Sputnik. ՀՀ 2–րդ նախագահի խոսքով`նախագծի իրականացումն առաջին հերթին ուժեղ քարոզչական քայլ է՝ ուղղված Հայաստանի և Իրանի միջև լարվածության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը։


 


Երևանի և Վաշինգտոնի միջև TRIPP-ի գործարկման մասին պայմանագրի ստորագրումը չի նշանակում, թե հաղորդակցության ուղիները կսկսեն աշխատել հօգուտ Հայաստանի։ Տնտեսական օգուտների հասնելու համար Երևանին անհրաժեշտ է մասշտաբայնացնել այս նախագիծը, որպեսզի նաև չեզոքացվեն Իրանի արձագանքի ռիսկերը։ «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում այս տեսակետն է հայտնել Հայաստանի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


 


Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրեն TRIPP-ի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը։


 


Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ դժվար է հասկանալ` ինչպես է երկաթգծի 42 կիլոմետրանոց հատվածը վերածվել մոլորակային մասշտաբի նախագծի։


 


«Խոսքը մի ճանապարհի մասին է, որը միացնում է Ադրբեջանն ու Նախիջևանը։ Ավելին` այդ հարցն ամրագրված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Հիմա դա ստացել է TRIPP անվանումը և ուղեկցվում է լայնամասշտաբ գովազդային արշավով», – նշել է Քոչարյանը։


 


ՀՀ 2–րդ նախագահի գնահատմամբ՝ նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 100–150 միլիոն դոլար, ընդ որում՝ Հայաստանի մասնաբաժինը մոտ 26% է։ Քոչարյանը համոզված է, որ ֆինանսական առումով սա այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին։ Ավելին` երկրի նախկին ղեկավարը չի տեսնում նաև ամերիկյան շահը։ Նա մանրամասնում է, որ սովորաբար այնտեղ, որտեղ կան ԱՄՆ-ի լուրջ շահեր, հայտնվում են ռազմաբազաներ՝ Վաշինգտոնի համար ստանդարտ ուղեկցող մեխանիզմներ։


 


Քոչարյանն ուշադրություն է դարձրել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի հարաբերականորեն փոքր ծավալին։


 


Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի հիմնական հետաքրքրությունը կապված է հայ-իրանական սահմանին ներկայություն ունենալու հնարավորության հետ, քանի որ Իրանի հետ սահմանակից գրեթե բոլոր մյուս պետություններն արդեն հագեցած են ամերիկյան ռազմական ներկայությամբ։


 


Խոսելով բուն TRIPP նախագծի մասին՝ Քոչարյանն ընդգծել է, որ դրա իրականացումն ինքնին դեռևս չի երաշխավորում օգուտներ Հայաստանի համար։


 


Նրա խոսքով՝ նախագիծը պետք է մասշտաբայնացվեր՝ ենթակառուցվածքները երկարացնելով մինչև Երասխ գյուղ, ինչպես նաև մասնակից դարձնելով միջազգային այլ խաղացողների, որոնք Իրանի կողմից ընկալվում են որպես բարեկամական գործընկերներ։


 


«Իրանի բացասական արձագանքի ռիսկերը նվազեցնելու համար նախագծում կարելի էր ներգրավել Ռուսաստանին կամ Չինաստանին։ Չհրաժարվելով ԱՄՆ–ի հետ գործակցությունից և չդիպչելով ամերիկյան նախագահի ինքնասիրությանը՝ կարելի է նախագիծն ավելի օգտակար դարձնել Հայաստանի համար և միաժամանակ չեզոքացնել հնարավոր ռիսկերը», – նշել է նա։


 


Քոչարյանն ընդգծել է, որ ցանկացած ղեկավար պետք է նախապես գնահատի իր որոշումների պոտենցիալ սպառնալիքները և ուղիներ փնտրի դրանք նվազագույնի հասցնելու համար։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ին TRIPP-ն անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայից ռեսուրսները (ըստ ամենայնի՝ հազվագյուտ հողային տարրերը) Ադրբեջանի, Վրաստանի և Եվրոպայի տարածքով դեպի ԱՄՆ փոխադրելու համար։


 


 


Leave a Comment