Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրություններին ընդառաջ համերաշխության կոչ է արել – Նորություններ 01.06.2026

Լուսանկարը` Alphanews

Լուսանկարը` Alphanews

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես է եկել ուղերձով Արարատյան տոների շաբաթվա առթիվ՝ մտահոգություն հայտնելով հասարակական պառակտման կապակցությամբ և կոչ անելով քաղաքացիներին պատասխանատվությամբ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետը նշել է, որ Սուրբ Էջմիածնի տոնն այս անգամ նշվում է ազգային ծանր կորուստների և հոգևոր արժեքների թիրախավորման մտահոգիչ պայմաններում։ Վեհափառ հայրապետն ընդգծել է հասարակության մեջ ատելության ու անհանդուրժողականության սերմանման, ինչպես նաև եկեղեցական կանոնակարգերին իշխանությունների միջամտության անթույլատրելիությունը։

Հաշվի առնելով, որ տոնական օրը համընկնում է խորհրդարանական ընտրությունների հետ, Նորին Սրբությունը հորդորել է հայրենակիցներին քվեարկել ազգի ու հայրենիքի շահերի բարձր գիտակցումով՝ հանուն օրենքի գերակայության, արդարության և համերաշխության հաստատման։

Բացի այդ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ թշնամանքի խոսքից և դրսևորել շրջահայացություն՝ զերծ պահելով ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից, իսկ իրավապահ համակարգին հորդորել է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները արդար և ազատ կամարտահայտման համար։

Արարատյան տոների շաբաթվա ընթացքում եկեղեցին հիշատակում է Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի մարտիրոսությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից, ինչպես նաև հայոց մեծ դարձն ու քրիստոնեության պետական կրոն հռչակումը։

 

Leave a Comment