Վեհափառը կոչ է արել մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին – armeniatoday.am

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, տեղեկանում ենք Վեհափառի՝ Արարտյան շաբաթվա առթիվ արված ուղերձից։

Նա քաղաքական ուժերին հորդորել է զերծ մնալ ատելության խոսքից, ցուցաբերել զգոնություն և թույլ չտալ անցանկալի զարգացումներ։ Վեհափառը նաև իրավապահ համակարգին կոչ է արել ապահովել արդար ընտրությունների անցկացումն ու քաղաքացիների ազատ կամարտահայտության պայմանները։

Կաթողիկոսը հայտարարել է, որ Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է հասարակական պառակտվածության, ատելության և անհանդուրժողականության մթնոլորտում։

«Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում՝ պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողություն ու անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են եկեղեցու դարավոր կանոնակարգերը, հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ Եկեղեցին և եկեղեցասեր անձինք»,- ասված է նրա ուղերձում։

Գարեգին Երկրորդը նշել է, որ այս պայմաններում Սուրբ Էջմիածնի խորհուրդը կոչ է անում ամուր մնալ քրիստոնեական հավատքին, հաղթահարել ներազգային բաժանումները և վերականգնել ժողովրդի ներքին խաղաղությունը։

Արարատյան շաբաթվա ընթացքում նշվում են Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի, Հայոց մեծ դարձի և Սուրբ Էջմիածնի տոները։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Ընտրությանը մասնակցող իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում նաև կաթողիկոսի հեռացման դրույթ կա։ Եկեղեցուն առնչվող ՔՊ-ի նախընտրական ծրագրերը Մայր Աթոռը դատապարտել և մերժելի էր անվանել։ 

Leave a Comment