ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը ներկայում չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու սցենարը։
«Երբ այդ հարցը դառնա արդիական, երբ դրա վերաբերյալ կոնկրետություն լինի, այդ ժամանակ էլ, անհրաժեշտության դեպքում, կիրականացնենք տնտեսական ազդեցության գնահատում։ Այժմ մենք պարզապես նման սցենար չենք դիտարկում»,- Interfax-ին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հարց չկա, ուստի հնարավոր տնտեսական հետևանքների հաշվարկման անհրաժեշտություն նույնպես չեն տեսնում։
Փոխվարչապետը նաև հույս է հայտնել, որ Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները տեխնիկական բնույթ ունեն և շուտով կլուծվեն։
«Առևտրաշրջանառության վերաբերյալ որևէ վերլուծություն անելու իմաստ այժմ չեմ տեսնում։ Հույս ունեմ, որ այն խնդիրները, որոնք ներկայում առաջանում են դեպի Ռուսաստան ապրանքների տեղափոխման գործընթացում, տեխնիկական են և շուտով կվերանան»,- նշել է նա։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։
