Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին խորհուրդ է տվել զգույշ լինել երկրի հետագա զարգացման ուղին ընտրելիս, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում։ Այդ մասին նա ասել է Belta-ին տված հարցազրույցում։
«Հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»,- նրա խոսքը մեջբերել է գործակալությունը։
Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը վերջերս է դուրս եկել պատերազմից, ուստի, նրա կարծիքով, կարևոր է թույլ չտալ, որ երկիրը հայտնվի նոր ծանր իրավիճակում։
«Պետք չէ շտապել։ Պետք է պարզապես մտածել, պետք է լինել իմաստուն մարդիկ»,- հավելել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի կարծիքով՝ նախքան Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելը, Հայաստանի ժողովուրդը պետք է շատ լրջորեն մտածի։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Ավելի ուշ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրեր չունի։
Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։
