Ուժեղ քամին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տապալել է ծառեր ու էլեկտրական սյուներ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մայիսի 29-ին անբարենպաստ եղանակի հետևանքների վերաբերյալ ահազանգեր են ստացվել Երևանից, ինչպես նաև Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերից։ Փրկարարներն արձանագրել են ծառերի ու էլեկտրական սյուների տապալման, ինչպես նաև շենքերի կառուցատարրերի և մետաղական կոնստրուկցիաների վնասման դեպքեր։
Ծառայությունից հայտնել են, որ փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի հեռացման, պոկված կոնստրուկցիաների ապամոնտաժման և վտանգավոր տարածքների սահմանազատման աշխատանքներ։ Ստացված բոլոր կանչերը սպասարկվել են։
