«Մեր Երգը-Մեր Պատմությունն է». համագործակցության նոր էջ՝ ուղղված հայ երիտասարդության ազգային ինքնության ու Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանը (լուսանկարներ, տեսանյութ)

Միասին՝ հանուն հայկական կրթության և մշակույթի ապագայի: Առաջնարդվելով այս գաղափարախոսությամբ, «ՀԵՆՔ» Համազգային Բարեգործական Հիմնադրամի և Լեհաստանում գործունեություն իրականացնող «Հայկական Հիմնադրամ»-ի (Armenian Foundation) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

Այս համագործակցությունը նոր էջ է հայկական կրթամշակութային ոլորտում, որի նպատակն է ամրապնդել 2 կազմակերպության գործընկերային կապեը: Կողմերը կարող են համատեղ իրականացնել կրթական և մշակութային ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հայ երիտասարդության կրթական մակարդակի բարձրացմանը, ազգային ինքնությունն ու պատմամշակութային ժառանգությունը պահպանելուն և զարգացնելուն։

 

Հուշագրի շրջանակում, 3 օր շարունակ կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցել են տարաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումների: Մասնավորապես, «ԼՈՒՍէ» Հիմնադրամի հարկի ներքո,  կազմակերպվել է տարածաշրջանում նախադեպ չունեցող մեծ մասշտաբի կրթամշակութային խաղ, որը նվիրված է Կիլիկիայի հայկական թագավորության պատմությանը։

 

Այս եզակի ուսուցողական խաղի նպատակն է խորացնել ուսանողների պատմական գիտելիքները Կիլիկյան Հայաստանի վերաբերյալ, զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները և բիզնես մտածելակերպը, ձևավորել խելացի ռազմավարական մտածողություն՝ երիտասարդ սերնդի մեջ։

 

Այս խաղը ուսանողների համար բովանդակային, արժեքային և գործնական եզակի փորձ էր (լուսակնարները՝ ստորև): 

Կազմակերպված միջոցառումները շարքը համալրեց «Մեր Երգը – Մեր Պատմությունն է» խորագիրը կրող երեկույթը: Այն իր օրհնությամբ բացեց Տեր Շահեն քահանա Հայրապետյանը:

 

Երեկոյի ընթացքում, «Կիլիկյայի հարստություն» մրցախաղի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար եղան շնորհակալագրեր և պարգևներ, որոնք մասնակիցներին հանձնեցին Հայաստանում և Լեհաստանում գործող վերոհիշյալ հիմնադրամների տնօրենները՝ համապաասխանաբար Լիլիթ Սահակյանը և Մարտա Աքսենտովիչ֊Բոշիվիցին։

 

Եղան նաև անակնկալ պարգևներ: Իսկ երեկոյի գեղարվեստական մասն ապահովեցին «ՀԵՆՔ» վոկալ-գործիքային անսամբլի կատարողները և Ալեքս Բատյանը՝ «Զեփյուռ կդառնաս» երգով:

Ներկաներին հուզեց «Հայոց սրբության սրբոց Արարատ» երգը Գայանե Բաղդասարյանի կատարմամբ:

 

Երեկոյի ավարտին հնչեց «Հուսո առագաստ» երգը՝ Տարոն Հակոբյանի և անասմբլի կատարողների ձայնակցմամբ:

 

Արմինե Մկրտումյան

 

Leave a Comment