ԿԸՀ-ում քննվել է Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու հարցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մայիսի 29-ի նիստում քննվել է «Անկախ դիտորդ» կազմակերպության դիտորդության կարգավիճակի չեղարկման հարցով «Լուսավոր Հայաստան կուսակցության դիմումը։

ԼՀԿ-ն մայիսի 27-ին դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ բողոքարկելով իր դեմ իրականացվող թիրախավորված հակաքարոզչությունը։

ԿԸՀ նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Անկախ դիտորդը» իր հետ կապված նյութեր է տարածել, ինչի հիման վրա Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել։ Ինչպես ավելի ուշ պարզել է Factor TV-ի հետաքննությունը, այդ ռեպորտաժը հիմնված է ադրբեջանական սկզբնաղբյուրի տվյալների վրա։

Ըստ քաղաքական գործչի՝ այս գործելակերպն ունի երկու վարկած` կամ կազմակերպությունը փորձում է լավ պայմաններ ստեղծել ԼՀԿ-ի հետ մրցակցող այլ ընդդիմադիր ուժերի համար, կամ էլ ուղղակի աջակցում է գործող իշխանություններին։

«Ես հասկանում եմ, որ կարելի է ունենալ սեփական հայացքներ և աջակցել իշխանությանը, բայց եթե անձը (նկատի ունի Դանիել Իոաննիսյանին – խմբ․) հավատարմագրվում է որպես անկախ դիտորդ, սակայն հանդես է գալիս մեր դեմ ու թիրախավորում մեզ՝ փորձելով հանրության մեջ սահմանափակել մեր էլեկտորալ հնարավորությունները, մենք ակնկալում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջամտությունը, որպեսզի այս խնդիրը կարգավորվի»,-նշել է Մարուքյանը։

Անդրադառնալով «Հանրային» հ/ը ռեպորտաժին նա հարցադրում է կատարել՝ ո՞վ է դրա պատասխանը տալու։ «Ի՞նչ են բացահայտել իմ մասին. ոչինչ։ Բայց Հ1-ով և այլ կայքերով մի քանի միլիոն դիտում ունեցող նյութեր են տարածել»,-նշել է Մարուքյանը։

«Անկախ դիտորդ» դաշինքի անունից Մարուքյանին հակադարձել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցըմ պնդելով, որ Մարուքյանի կողմից ԿԸՀ ներկայացված դիմումը չի պարունակում դիտորդի կարգավիճակից զրկելու որևէ իրավական հիմնավորում։

Սաքունցն, անդրադառնալով Իոաննիսյանի հասցեին հնչող մեղադրանքներին, նշել է, որ հանրային տեղեկություններով կիսվելը քարոզչություն չէ։ Ըստ իրավապաշտպանի՝ դիտորդական առաքելությունը չի զրկում հանրային հարցերին արձագանքելու իրավունքից, իսկ չեզոքության պահանջը չի արգելում մտահոգություն հայտնել ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ չկան կոնկրետ ուժի օգտին կոչեր։

Նա անհիմն է համարել մեկ անձի գրառումների պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» դիտորդական կարգավիճակից զրկելու պահանջը՝ հիշեցնելով, որ Իոաննիսյանը կազմակերպության իրավաբանական ղեկավարը չէ։

Սաքունցն պնդել է, որ դաշինքը անկողմնակալ է, որպես փաստարկ բերելով բողոքներ, որենք ներկայացվել են, նրա խոսքով, ամենատարբեր քաղաքական ուժերի դեմ։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ նիստն ընդմիջվում է մինչև մայիսի 30-ը՝ ժամը 11։00, որի ժամանակ կներկայացնի ԿԸՀ որոշման նախագիծը։

Leave a Comment