Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Հաղորդվեց, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու և Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումները հանելու շուրջ։ Սա ի՞նչ է նշանակում, արդյոք ավելի լայն համաձայնագրի հասնելու հնարավորություններ կա՞ն։
– Նման լավատեսական հայտարարություններ հնչում են, սակայն անգամ միջանկյալ համաձայնությունը դեռ չի եղել։ Եթե լինի միջանկյալը, ապա կողմերը կգնան 60-օրյա ժամկետով բանակցությունների՝ ավելի հիմնական խնդիրների շուրջ։ Դեռևս վերջնական համաձայնությունը չի երևում՝ հակառակ հայտարարություններին։ Հիմնական հանգույցը մնում է Հորմուզը, դրա կառավարչաձևը, Իրանի վերահսկողության խնդիրը, պատժամիջոցների հանգրվանային վերացումը։ Ավելի երկարաժամկետ՝ միջուկային թղթածրարն ու տարածաշրջանային անվտանգությունը։ Կողմերը երկար ճանապարհ ունեն անցնելու։ Հիմա ընդամենը միջանկյալ համաձայնության մասին է խոսքը, որը, կարծում եմ, կկայանա։
– Ըստ Վենսի՝ մեծ առաջընթաց է գրանցվել Իրանի հետ բանակցություններում. «Կարծում եմ՝ իրանցիները ցանկանում են գործարք կնքել և ուզում են բացել Հորմուզի նեղուցը»։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Իրանը որոշել գնալ համաձայնության, և այն պայմանները, որոնք կան, ԱՄՆ-ն կընդունի՞, թե՞ ոչ։
– Կարծում եմ, որ ոչ միայն Իրանն է ուզում, այլ նաև ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ում ընտրություններ են, և վարչակարգն ուզում է դրանից առաջ վառելիքի գներն իջեցնել։ Դա կարևոր մասով կապվում է Հորմուզի միջանցքի ամբողջական բացման հետ։ Եթե համարենք, որ այս կոնֆլիկտի ամենահիմնական մասը Հորմուզն է, ապա Հորմուզի շուրջ կայանալիք համաձայնությունը երկկողմանի առաջադրանք է։ Իրանն ուզում է լիարժեք վերականգնել իր նավթարդյունաբերությունը, դուրս գալ տնտեսական շուկա, թեթևացնել պատժամիջոցները և ապասառցնել իր ֆինանսական միջոցները։ Թեհրանն այդ բոլորի համար գին ունի վճարելու․ առաջին հերթին՝ Հորմուզով։
– Ինչպե՞ս եք մեկնաբանում Ռուբիոյի կարճատև այցը Հայաստան և ձեռք բերված համաձայնությունները։
– Բեկումնային այց չէ։ Ընտրությունների նախօրեին ընդգծում է, որ ԱՄՆ-ը ներկա է տարածաշրջանում, դերակատար է տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերում և, իհարկե, առաջ է մղում ՀՀ հանքային պաշարների հանձնման նախագիծը։ Սա ուղերձ է, որ այս ուղեգիծը պետք է շարունակվի, ինչի մասին հստակ խոսել էր Թրամփը։
– Ձեր կարծիքով՝ TRIPP ուղու շուրջ հնարավորություն կլինի՞ գործնական աշխատանքների անցնել, թե՞ ԱՄՆ-ը, զբաղված լինելով Մերձավոր Արևելքի իրադարձություններով, դեռ այս ծրագրին ուշադրություն չի դարձնի։
– Հիմա առաջնայինը Մերձավոր Արևելքն է և Ուկրաինան։ TRIPP-ը կայունության ստատուս քվո է ձևավորել։ Իրանի հետ համաձայնությունից հետո միայն կարելի է խոսել TRIPP-ի գործարկման մասին, որովհետև նույն կետից Իրանը դուրս կգա դեպի Արևմուտք։ Այս անգամ, սակայն, ամերիկյան վերահսկողությամբ աշխատող հաղորդուղիներով։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատում. ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ Զելենսկին նաև Շվեդիայից է արդեն կործանիչներ ստանում։
– Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը աշխատում է ՌԴ-ի ուղղությամբ։ Մաշեցնող պատերազմը շարունակվում է, ինչը, կարծում եմ, առաջադրանք է ԱՄՆ-ի համար։
– Հնարավոր կլինի՞ այստեղ ի վերջո հասնել համաձայնության, թե՞ պատերազմը դեռ երկար կշարունակվի։
– Համաձայնությունը տեսանելի չէ։ Կլինեն, սակայն, որոշ ռազմաճակատներում հրադադարներ, անուղղակի բանակցություններ, լավատեսական հայտարարություններ։ Մաշեցնող պատերազմը շարունակվելու է։ ԱՄՆ-ին ձեռնտու է ՌԴ-ին ներգրավված պահել պատերազմում և Եվրոպային այս կերպ միշտ հիշեցնել ռուսական սպառնալիքի մասին։
Արման Գալոյան
