
Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը անոնսավոորել է, որ ԵԱՏՄ գագաթաժողովը «փակ կքննարկի Եվրամիությանը միանալու Հայաստանի մտադրությունները»։ Ավելի վաղ արտաքին քաղաքական հարցերով Վլադիմիր Պուտինի օգնական Ուշակովը լրագրողներին ասել է, որ «Եվրամիությանը միանալու Հայաստանի մտադրությունները կքննարկվեն» Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպմանը։ Ըստ երեւույթին, քննարկում կայացել է, բայց Տոկաևը «չի ընդառաջել ԵԱՏՄ գագաթաժողովում Հայաստանի կարգավիճակի քննարկման գաղափարը»։
Նման ենթադրության համար հիմք է ծառայում Ղազախստանի նախագահի կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հիշատակումը և հաստատագրում է, որ այն եվրասիական ինտեգրացիայի «կարևոր հիմքն» է։ Այդ պայմանագիրը անդամ պետության «կարգավիճակի քննարկում» կամ Միությունից նրա հեռացում չի նախատեսում։ Ղազախստանի նախագահը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ «նեղ ձևաչափով» գագաթաժողովը «ավանդաբար կառուցողական և դրական կլինի, թույլ կտա հանգել այնպիսի որոշումների, որ ընդունելի կլինեն անդամ բոլոր պետությունների համար»։
Աստանայի մթնոլորտի մասին կարելի է հավելյալ կարծիք կազմել ՏԱՍՍ-ի կողմից Պուտինի մամուլի քարտուղարին արված հարցադրումից, թե Ռուսաստանի նախագահը պատրաստվո՞ւմ է «առանձին հանդիպում ունենալ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»։ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ Վլադիմիր Պուտինը «նման հանդիպում չի ծրագրել», բայց հավելել է, որ «չի կարելի այն բացառել»։ Պուտինի մամուլի քարտուղարի գնահատմամբ, եթե «նրանք ցանկություն ունենան, ապա կարող են հոյակապ զրուցել» գագաթաժողովի շրջանակներում։
Դժվար է, իհարկե, եզրահանգել, որ Ռուսաստանի նախագահը կընդունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից սահմանված «իրավահավասարության հիման վրա» ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության «նշաձողը», բայց փաստ է, որ Աստանան չի արդարացնում «բա որ Պուտինի համբերությունը սպառվի և ասի՝ գնացեք, ի՞նչ ենք անելու» խոսույթի հեղինակների հույսերը։ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը անդամ պետության նկատմամբ տնտեսական և այլ կարգի պատժամիջոցների կիրառում չի նախատեսում։ Երկիրն ինքն է որոշում՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ անդամ, թե՞ Միությունից դուրս է գալիս։ Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռանալու մտադրություն առայժմ չունի, իսկ Պուտինը նրան հեռացնել չի կարող։ Ղազախստանի նախագահի ներածական ելույթը հրապարակայնացրել է, որ Պուտինը ԵԱՏՄ-ի «ասողը» չէ։