Իրանցի զինվորականները նախազգուշական կրակ են բացել Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող նավերի վրա, interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել է Tasnim-ը։
Ըստ հրապարակման՝ զինվորականներն այդ միջոցները ձեռնարկել են կանխելու առանց Իրանի թույլտվության նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
Երեքշաբթի օրը CENTCOM-ի խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը հայտնել է Բանդար Աբբասի մոտակայքում «ինքնապաշտպանության հարվածների» մասին։ Նա բացատրել է, որ հարվածները ուղղված էին զենիթային հրթիռային կայանքներին և իրանական նավակներին, որոնք փորձում էին ականապատել։
ԱՄՆ զինվորականները խոցել են իրանական չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք և հարձակվել Բանդար Աբբասի մի օբյեկտի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հակադարձել է՝ հարվածելով ԱՄՆ ավիաբազային։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի ֆոնին փոխանակվել էին հարվածներով։
