ԱՄՆ նախագահ Donald Trump Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն ու Թեհրանը չկարողանան ԱՄՆ-ի համար շահավետ համաձայնության հասնել, դա կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ի վերջո, այնպիսի գործարքը, որը մեզ համար լավ չի լինելու, սահմանագիծն է։ Ես մտածում եմ այդ մասին, և կտեսնենք»,- նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ իրանցիները «շատ լավ բանակցողներ են», սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնն ունի առավելություն բանակցություններում։
«Նրանք խորամանկ են, բայց վերջում բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են, որովհետև մենք նրանց հաղթել ենք ռազմական առումով»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Սակայն, ըստ հրապարակման, Թրամփը դեռ չի հաստատել փաստաթուղթը։ Իրանական լրատվամիջոցները հերքել են այդ տեղեկությունը։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի ֆոնին փոխանակվել էին հարվածներով։
