ՌԴ-ն կասեցրել է «Ջերմուկի» մոտ 70 մլն խմբաքանակի իրացումը երկրում – armeniatoday.am

«Ռոսպոտրեբնադզորը» Ռուսաստանի տարածքում հայկական արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու վերաբերյալ որոշում է հայացրել, հայտնել են գերատեսչությունից։

Նշվում է, որ որոշման պատճառն են դարձել հանքային ջուրը արտադրողի կողմից տեխնիկական կանոնակարգման մասին օրենսդրության պարտադիր պահանջների խախտումները:

Մասնավորապես, ջրի մեջ հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։

Գերատեսչության պարզաբանմամբ՝ դա կարող է թյուրըմբռնում առաջացնել ջրի բուժիչ հատկությունների վերաբերյալ և բացասաբար անդրադառնալ առողջության վրա։

«Ռոսպոտրեբնադզորից» հավելել են, որ 2026 թվականի սկզբից արդեն արգելափակել է «Ջերմուկ» շշալցված ջրի 38,4 միլիոն միավորի վաճառքը մանրածախ և առցանց հարթակներում քանի որ մակնշման մեջ առկա տեղեկատվությունը չէր համապատասխանում իրականությանը։ Գերատեսչությունն այս որոշման մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններին։

Ապրիլի վերջին «Ռոսպոտրեբնադզորը» ևս կասեցրել էր հայկական արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը։ Այն ժամանակ ևս հիմնավորումը ջրի մեջ հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցումն էր։

ՌԴ-ն սահմանափակել է նաև ՀՀ-ից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումը։ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 20-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ՝ մինչև ջերմատնային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը՝ ՌԴ սահմանված պահանջներին։

Leave a Comment