Դեմ եմ ՌԴ-ի արգելքներին, բայց դա Փաշինյանի գործելաոճի արդյունքն է – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ դեմ է ռուսական կողմից կիրառվող սահմանափակումներին, սակայն դրանք համարում է գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքը:

Նրա խոսքով՝ Հայաստանի նման փոքր երկիրն իրավունք չունի թշնամական հարաբերություններ ունենալ գերտերությունների, հատկապես՝ Ռուսաստանի հետ, քանի որ հայկական տնտեսության հիմնական հատվածը և, մասնավորապես, գյուղատնտեսության շուրջ 90%-ը կախված է ռուսական շուկայից։

«Մենք մեր անիմաստ քայլերով, անիմաստ հայտարարություններով ամեն օր փչացնում ենք այդ հարաբերությունները: Իսկ երբ անցնում ես կարմիր գծերը, դա ոչ մի երկրի կողմից չի ներվում»,- ընդգծել է նա:

Դաշինքի առաջնորդը հավելել է, որ ժողովրդի անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման համար Հայաստանը պարտավոր է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի, Եվրամիության և Չինաստանի հետ։

Այսօր ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը։

Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։

Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։

Leave a Comment