«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության բուսասանիտարական պահանջներին։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղմթերքի հիմնական շուկան։
Ռուսական կողմի գնահատմամբ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել այն գործառույթները, որոնք իրեն փոխանցվել են Գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքի հիմնական շուկան է, և որ վերջերս Հայաստանից ներմուծված արտադրանքը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կատարում Գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված պարտականությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հիշեցրել է, որ Գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանում լուծարվել է կառավարության կողմից 2019 թվականին իրականացված կառուցվածքային բարեփոխումների արդյունքում։ Գյուղատնտեսության պետական քաղաքականությունը փոխանցվել է Քկոնոմիկայի նախարարությանը։
Ավելի վաղ ռուսական գերատեսչությունը հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակումներ է սահմանում Հայաստանից մրգաբանջարեղենի ներմուծման նկատմամբ։ Բացի այդ, մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակվել էր նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։
