Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է Հայաստանին համարել «բնական գործընկեր Հարավային Կովկասում», իսկ հայ ժողովրդին՝ «եղբայրական», սակայն հանրապետության իշխանությունների գործողությունները, նրա խոսքով, ավելի ու ավելի են հակասում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը պահպանելու մասին նրանց հայտարարություններին։
«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին։ Սակայն մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով։ Եվ այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառներով, նրանք ավելի ու ավելի են հակասում այդ խոսքերին»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան դեմ չէ «Հայաստանի արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիային», բայց Երևանի ներկայիս կուրսը համարում է անհավասարակշիռ։ Նա քննադատել է Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի և արևմտյան երկրների հետ՝ պնդելով, որ նրանք «հիբրիդային պատերազմ» են մղում Ռուսաստանի դեմ և ձգտում են «ռազմավարական պարտություն» պատճառել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդունված «Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի, «եվրաատլանտյան համայնքի» հետ Երևանի մերձեցման և հակառուսական հռետորաբանության աճի վերաբերյալ։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը. նրա խոսքով՝ Ռուսաստանի բաժինը հանրապետության արտաքին առևտրում կազմում է մոտ 36%, իսկ հայկական գյուղատնտեսական և ալկոհոլային խմիչքների արտահանման մեծ մասը գնում է ռուսական շուկա։ Նա նաև հիշատակել է ռուսական գազի մատակարարման արտոնյալ գինը և նշել, որ Մոսկվան ապահովում է Հայաստանի «էներգետիկ և պարենային անվտանգությունը»։
Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է, որ «հայերը կընտրեն իրենց հետագա զարգացման ուղին», և որ Ռուսաստանը հետաքրքրված է «իսկապես ինքնիշխան և անկախ Հայաստանով»։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Փաշինյանի՝ եվրաինտեգրման կուրսը տանում է «հասարակության պառակտման» և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի հնարավոր կորուստները գնահատել էր ՀՆԱ-ի 15-20%-ի չափով: Երևանում, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ երկիրը դեռ չի պատրաստվում դուրս գալ Միությունից:
