Շուրջ 7 երկրի սպառազինություն է ցուցադրվել զորահանդեսին․ Փաշինյան – armeniatoday.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ շքերթին մասնակցում են շուրջ յոթ երկրի արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա։

Նրա խոսքով՝ դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ միջազգային սպառազինության շուկան ավելի հասանելի է դարձել Հայաստանի համար։ Փաշինյանը դա կապել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին ՀՀ-ին զենք մատակարարել պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը զորահանդեսը անվանել է «հաշվետվություն քաղաքացիներին»՝ երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ կառավարության քայլերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայացնում է «նոր բանակ»՝ նոր սպառազինությամբ, համազգեստով, խորհրդանիշներով և գաղափարախոսությամբ։

Ավելի վաղ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրել էր բանակի քայքայման մեջ՝ հայտարարելով․ «Իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ»:

Վարչապետը նաև հայտնել է, որ 2022 թվականից կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրում ներդրել է շուրջ 170 մլրդ դրամ։ Նրա խոսքով՝ զորահանդեսի առանցքային բաղադրիչներից մեկը հայկական արտադրության ռազմական տեխնիկան էր, որն սկսում է դիրքեր զբաղեցնել միջազգային շուկայում։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի բանակը պետք է ծառայի բացառապես երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությանը և չպետք է կիրառվի դրա սահմաններից դուրս՝ բացառությամբ խաղաղապահ առաքելությունների։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը հաղթահարում է Առաջին Հանրապետության ժամանակներից ժառանգված «պետության ժամանակավորության բարդույթը» և անցնում է պետության հարատևության օրակարգին։

«Մեր նահատակների զոհողությունների շնորհիվ Հայաստանն այսօր պետություն է ավելի, քան երբևէ, անկախ է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է ավելի, քան երբևէ, անվտանգ է ավելի, քան երբևէ»,- հայտարարել է Փաշինյանը։

Կարդացեք նաև՝

Leave a Comment