
Ըստ երևույթին, բռնատեղահանվածների «իրավունքների պաշտպանությունը» հենց այդ նպատակն է հետապնդում՝ հունիսի 7-ին դատարանների մոտ «բողոքի ցույցեր» կազմակերպել և միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրել «Նիկոլ Փաշինյանի կողմից արցախցիների իրավունքները բռնաճնշելու փաստի» վրա։ Քաղաքական մրցապայքարում միջոցների ընտրությունը «թույլատրելի» է։ Բայց հարցը խորքային դիտարկման կարիք ունի։
Նախ, ինչո՞ւ անցած շուրջ երեք տարում ոչ բոլոր բռնագաղթվածներն են Հայաստանի քաղաքացիություն ստացել, երկրորդ՝ ո՞վ է երաշխավորը, որ ընտրության իրավունք ունեցող կամ դատարանի որոշմամբ այն ձեռք բերող բռնատեղահանված անձը անպատճառ քվեարկելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այդ ընդդիմության թեկնածուներից մեկի օգտին։ Ո՞վ է որոշել, որ եթե մարդը բռնատեղահանվել է ԼՂ-ից, «չի կարող Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել»։
Այդ խոսույթից ուղղակիորեն հետեւում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված անձինք քարոզչական ինչ-որ կենտրոնի կողմից ենթարկվում են «հոգեբանական մշակման»։ Բանը հասել է նրան, որ ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը հաշվարկել է և պարզել, որ Հայաստանում «չորս հարյուր հազար ծագումով արցախցի է ապրում»։ Ենթատեքսն այն է, որ «լավ աշխատելու դեպքում այդ ընտրազանգվածը կարող է քվեարկության արդյունքների վրա որոշիչ ազդեցություն գործել»։
Առերևույթ քարոզելով «ազգային միասնություն», ընդդիմությունը փաստացի Հայաստանի քաղաքացիների միջև «հայրենակցական բաժանարար» է գծել և փորձում է ԼՂ-ից բռնատեղահանվածների, ծագումով ղարաբաղցիների առանձնացված ընտրազանգված ձևավորել, որին ներշնչում է արմատական տրամադրություններ։ Սա չափազանց վտանգավոր միտում է։ Իր հերթին իշխանությունը ձեռնարկում է քայլեր, որ միայն նպաստում են ընդդիմության «արցախասիրությանը»։
Ընդդիմության մի թևի առաջնորդը հայտարարել է, որ իրենք «իշխանությունը վերցնելու» են, մյուսը՝ սպառնացել, որ իրենց «հաղթանակը գողանալու դեպքում հեղափոխություն են անելու»։ Ընտրապայքարը մտել է եզրափակիչ փուլ։ Առջևում «փորձության օրեր» են, որ պետք է հաղթահարվեն իշխանությունների սառնասրտությամբ և հանրության այն հպարտությամբ, որ ներշնչել է Հանրապետության օրվա աննախադեպ զորահանդեսը։