Գազի կախվածությունը կթուլացնենք Իրանի հետ ծրագրով`4-5 տարում. Կարապետյան

Հայաստանի տնտեսական կախվածությունը գազի մատակարարումից կթուլացնենք Իրանի հետ ծրագրով՝ 4-5 տարվա ընթացքում, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Նա այսպես է մեկնաբանել ռուսական կողմի հայտարարությունները գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ, ինչը կարող է հետևանք լինել ԵԱՏՄ-ի փոխարեն ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի քաղաքականության։

Նա նշել է, որ Իրանի հետ բարտերի լայնացման դեպքում հնարավոր է նրան արևային էներգիա տալու դիմաց էժան գազ ստանալ, քանի որ արևն ինքնարժեք չունի, ինչը թույլ կտա նվազեցնել երկրից արտարժույթի դուրսբերումը և կայունացնել տնտեսությունը։

Կարապետյանը հավելել է, որ այս քայլը չի արվում որևէ երկրի դեմ, այլ բացառապես հանուն Հայաստանի շահերի։ Նա ընդգծել է, որ արևային էներգիայի արտահանման հաշվին ստացված էժան գազը թույլ կտա կրճատել ֆինանսական միջոցների արտահոսքը երկրից:

«ՀՀ-ն Եվրոպայի համար ամենալավ արևային էներգիայի գոտին է, շատ մեծ քանակի արևային էներգիա ենք տալու Իրանին ու դրա դիմաց ստանալու ենք գազ, որը գրեթե փակելու է մեր ներքին պահանջարկը շատ էժան գնով։ Իսկ այդ գազը տալու ենք ջերմոցներին, մեր թոշակառուների համար սուսիդավորելու ենք ու ընդունելի միջավայր ենք տեղծելու»,- մանրամասնել է Կարապետյանը։

Նրա խոսքով ռուսական գազից հրաժարվելու մտադրություն չունեն, սակայն կդիվերսիֆիկացնեն դաշտը, որտեսզի կախվածությունը մեկ կետից թուլանա։

Կարապետյանն անդրադարձել է նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն պնդմանը, թե Հայաստանը տրանզիտի հաշվին սեփական գազ է ունենալու։

Մայիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբովյան քաղաքում իր քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ տարածքով տրանզիտային գազամուղ է անցնելու, որի համար ՀՀ-ին վճարելու են գազով։ Փաշինյանը չէր հստակցերել, թե ինչ գազամուղի մասին է խոսքը՝ միայն նշելով, որ այն լինելու է TRIPP-ի շրջանակում։

Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը՝ նշելով, որ նման հեռանկարի հնարավորությունը դեռ պետք է խորքային ուսումնասիրել:

Կարապետյանը ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի մշակած գազային կախվածությունից ձերբազատվելու ծրագիրը հիմնված է Իրան-Հայաստան գազատարի թողունակության ավելացման վրա, որն այս պահին ծանրաբեռնված է ընդամենը 30%-ով։

Ծրագրի համաձայն՝ արտահանվող արևային էներգիայի հաշվին ստացված գազը հատկապես ուղղվելու է այն շրջանների սուբսիդավորմանը, որտեղ ջեռուցման շրջանը տևում է 5-6 ամիս, ինչպիսին է, օրինակ, Ապարանի տարածաշրջանը:

Leave a Comment