Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը, հայտնում է ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»։
«Մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող և հայկական ծագում ունեցող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը»,- ասվում է հայտարարությունում։
Ըստ կառույցի՝ որոշումն ընդունվել է Ռուսաստանում հայկական մրգաբանջարեղենի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների հաճախակիացման և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ըստ ռուսական կողմի՝ ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի բուսասանիտարական վիճակի համար։
Բացի այդ, նշվում է, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել նախկինում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ։
Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում մայիսի 21-27-ը «Ռոսսելխոզնադզորն» ստուգումներ էր անցկացրել Հայաստանի մի շարք ձեռնարկություններում։ Ստուգումների ընթացքում արձանագրվել էին մի շարք խախտումներ, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններում հայտնաբերվել էին Եվրասիական տնտեսական միության երկրների համար կարանտինային օբյեկտներ։ Ռուսական կողմի տվյալներով՝ 2026 թվականին հայկական մրգերի և բանջարեղենի ներմուծման ընթացքում նման խախտումներ արձանագրվել էին 181 անգամ։
«Ռոսսելխոզնադզոր»-ի տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեծ ծավալի մրգաբանջարեղեն Ռուսաստանին մատակարարվում է բազմաթիվ հայկական արտահանողների կողմից, որոնց սեփականության ձևը հայտնի չէ, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունից։ Ռուսական կողմի գնահատմամբ՝ սա վկայում է Ռուսաստան արտահանվող արտադրանքի հետագծելիության համակարգի բացակայության մասին։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
